«Սպասում ենք հանցագործության վերաբերյալ պատասխանի». Մերկելը կլսի Պուտինին
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Զեյբերտի պնդմամբ` գերմանացի բժիշկներին հաջողվել է անհերքելի ապացույցներ ձեռք բերել, որոնց համաձայն ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին թունավորվել է։ «Նավալնու արյան լաբորատոր հետազոտություններից պարզ է դարձել, որ նա թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով», - նշված է գերմանական կառավարության մամուլի քարտուղարի գրավոր հայտարարության մեջ։
«Նովիչոկը» այն նույն նյարդա-պարալիտիկ նյութն է, որով 2018թ. գարնանը թունավորվել էին Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան։ Բունդեսվերի մասնագետները Նավալնիի արյան թեստը հետազոտել են Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցի բժիշկների թույլտվությամբ։ Օգոստոսի 22-ից ի վեր հենց այդ բժշկական կենտրոնում է բուժում ստանում ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդը:
Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և մի շարք նախարարներ հատուկ նիստ են գումարել, որի ընթացքում քննարկել են գերմանական կողմի հետագա քայլերը: Պաշտոնական Բեռլինը շեշտում է՝ Ռուսաստանի տարածքում ռուսաստանցի ընդդիմադիր գործչի վրա ռազմական թունավոր նյութով հարձակումը նախադեպը չունեցող իրադարձություն է, ինչի կապակցությամբ ռուսաստանյան իշխանությունները պետք է պարզաբանումներ ներկայացնեն: Նավալնիի արյան հետազոտության արդյունքների մասին Գերմանիան պլանավորում է տեղեկացնել Եվրամիության ու ՆԱՏՕ-ի գործընկերներին և համաձայնեցնել հետագա միասնական արձագանքը։ Բեռլինը նաև մտադիր է կապ հաստատել Հաագայում տեղակայված Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության հետ:
Հիշեցնենք, որ 44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Կրեմլի կոշտ քննադատն արդեն շուրջ երկու շաբաթ է` կոմայի մեջ է։ Արևմուտքից հնչող պատժամիջոցների սպառնալիքների և մեղավորներին պատժելու կոչերի ֆոնին` միջադեպից 7 օր անց միայն Ռուսաստանի իրավապահները որոշել են ուսումնասիրել ընդդիմադիր գործչի հոսպիտալացման պատճառները: Քրեական գործ հարուցելու մասին առայժմ խոսք չկա:
Պաշտոնական Մոսկվան շարունակաբար պնդում է, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, ապա Ռուսաստանը դրան որևէ առնչություն չունի։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռիա Նովոստիին» հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունները ռուսական կողմին չեն տեղեկացրել Նավալնիի թունավորման հարցով իրենց եզրահանգումների մասին, և Ռուսաստանը որևէ տվյալ չունի։
Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, թե դեռ սպասում է գերմանական կողմին, որը պետք է պատասխանի ռուսաստանյան գլխավոր դատախազության հարցմանը` Նավալնիի արյան անալիզների արդյունքները տրամադրելու վերաբերյալ:
«Նավալնիին ցանկացել են ստիպել լռել». - այս մասին երեկ ուշ երեկոյան հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործչի առողջական վիճակի վերաբերյալ գերմանացի մասնագետների եզրահանգումների հրապարակումից հետո։ «Ռուսաստանի առաջատար ընդդիմադիր գործչին սպանելու փորձ», - այսպես է բնութագրել Գերմանիայի ղեկավարը Նավալնիի թունավորումը՝ ընդգծելով՝ «Նովիչոկ» թույնի առկայությունը նրա արյան անալիզներում կասկածի ենթակա չէ։ «Նրան ցանկացել են ստիպել լռել։ Գերմանիայի ողջ կառավարության անունից խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը», նախօրեին նշել է կանցլեր Մերկելը և հավելել՝ Բեռլինը ռուսական կողմից պարզաբանումների է սպասում: «Աշխարհը սպասում է պատասխանի: Ալեքսեյ Նավալնիի դեմ հանցագործությունն ուղղված է հիմնարար արժեքներին և իրավունքներին, որոնք մենք առաջ ենք մղում», - շեշտել է Մերկելը։
Գերմանիայի դատապարտող հայտարարություններին են միացել նաև Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։ «Եվրամիությունն ամենակոշտ կերպով դատապարտում է ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը», - հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` հիշեցնելով, որ քիմիական զենքի օգտագործումը ցանկացած պարագայում միանգամայն անընդունելի է և միջազգային իրավունքի խախտում։
«Նյարդապարալիտիկ նյութի օգտագործումը նշանակում է, որ ռուսաստանյան իշխանությունների կողմից լիարժեք և թափանցիկ հետաքննությունը ծայրաստիճան անհետաձգելի է։ Այդ հանցագործության մասնակիցները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- իր հերթին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Արևմուտքից հնչող պատժամիջոցների սպառնալիքների և մեղավորներին պատժելու կոչերի ֆոնին` միջադեպից 7 օր անց միայն Ռուսաստանի իրավապահները որոշել են ուսումնասիրել ընդդիմադիր գործչի հոսպիտալացման պատճառները: Քրեական գործ հարուցելու մասին առայժմ խոսք չկա: Պաշտոնական Մոսկվան շարունակաբար պնդում է, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, ապա Ռուսաստանը դրան որևէ առնչություն չունի։
Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ Բեռլինի հայտարարություններում փաստերը բացակայում են, իսկ Գերմանիան արհամարհում է համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները, ասված է Ռուսաստանի արտգործնախարարության պատասխան հայտարարությունում: «Մեզ պետք են բանաձևերը, մեզ պետք են բժշկական հաստատությունների հայտարարությունները, մեզ պետք են փաստաթղթային նյութերը, որոնք պետք է փոխանցվեն ռուսական կողմի հարցմանն ի պատասխան», - հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մինչ այդ, Նավալնիի առողջական վիճակը շարունակում է մնա ծանր, նախօրեին տեղեկացրել է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը: Բուժհաստատությունը հատուկ հաղորդագրությամբ նշում է, որ ռուսաստանցի քաղաքական գործիչը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, արհեստական կոմայի մեջ, միացված է արհեստական շնչառության սարքին։
Մետաքսյա Շալունց