«Լույսը խավարից ավելի ուժեղ է». ԱՄՆ-ում թեժ աշնան մեկնարկը տրվեց. Թրամփը վարկանիշով զիջում է Բայդենին

Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնեց լինել Հանրապետական կուսակցության թեկնածուն Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում: Կուսակցության Ազգային համագումարի պատվիրակներն առաջադրել էին Սպիտակ տան գործող ղեկավարին չորս օր առաջ:

Թրամփի մրցակիցը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է, նա դեմոկրատների թեկնածուն է դարձել մեկ շաբաթ առաջ: Ըստ վերջին հարցումների՝ ամերիկացիների մոտ 50 տոկոսը պատրաստ է քվեարկել Բայդենի օգտին, Թրամփը նրանից մի քանի տոկոսով հետ է մնում:

Նոյեմբերին կայանալիք ընտրություններից չորս ամիս առաջ` հանրապետականները վերստին առաջադրեցին Դոնալդ Թրամփի թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: «Եվս չորս տարի, ևս չորս տարի», - վանկարկում էին կուսակցության ներկայացուցիչները Հյուսիսային Կարոլինայում մեկնարկած համագումարում`մեկը մյուսի հետևից ներկայացնելով 74-ամյա Թրամփի հաջողություններն ու ձեռքբերումները:

Ի սկզբանե կուսակցությունը հայտարարել էր, թե կենտրոնանալու են լուսավորի, խոստումնալից ապագայի ու ոգեշնչող հաջողությունների վրա` ի տարբերություն մրցակից դեմոկրատների, որոնք, ինչպես իրենք էին բնորոշել, անցած շաբաթվա համագումարում միայն հոռետեսական ու մռայլ ուղերձներ էին հղել:

Համագումարի առաջին օրվա կարգախոսն էր` «Հույսի երկիր», ինչպես առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն էր բնորոշել հարյուրամյակներ առաջ: Չնայած դրան, ելույթ ունեցողները մեկը մյուսի հետևից նկարագրում էին, թե ինչ աղետներ ու պատուհասներ են սպասում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի դեպքում:

Ֆլորիդայից ընտրված կոնգրեսական Մեթ Գաեցը առանց այլաբանությունների, ուղիղ տեքստով զգուշացրեց` դեմոկրատների հաղթանակը իսկական սարսափ ֆիլմ է հիշեցնելու. – «Նրանք զինաթափելու են ձեզ, դատարկելու են բանտերը, փակելու են ձեզ ձեր տանը և ձեր կողքին բնակեցնելու են զինված հանցագործների: Մենք պետք է պայքարենք այսօր և այստեղ Ամերիկան փրկելու, կամ հավիտյանս հավիտենից այն կորցնելու համար:

Է'լ ավելի դրամատիկ էր նախագահի ավագ որդու ելույթը: Հոր բացառիկ հաջողություններն ու ձեռքբերումները թվարկելուց հետո Դոնալդ Թրամփ կրտսերը նրա մրցակից, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին անվանեց «չինական Բայդեն», հետո էլ համեմատեց կելտական լեգենդների հերոս Լոխ Նեսի հրեշի հետ` պնդելով, թե նա մեկ հայտնվում է, մեկ անհետանում`այդպես էլ որևէ օգուտ չտալով հասարակությանը. – «Առաջիկա ընտրություններում որոշվելու է մեր եկեղեցու, աշխատանքի ու դպրոցների ապագան`ընդդեմ փողոցային անկարգությունների, հանցագործությունների ու վանդալիզմի, որը Բայդենն ու դեմոկրատները խաղաղ ցույցեր են որակում»:

Ելույթներում կարմիր թելով անցնող մյուս թեման վարչակազմի պայքարն էր կորոնավիրուսի համաճարակի դեմ: Ամերիկան վիրուսից ամենաշատը տուժած երկիրն է աշխարհում. մինչև օրս վարակվել է մոտ վեց միլիոն մարդ, ավելի քան 180 հազար ամերիկացի մահացել է, տնտեսությունը անցած եռամսյակում երեսուներեք տոկոսի անկում է գրանցել, գործազրկությունը հասել է աննախադեպ բարձր ցուցանիշների: Չնայած դրան, հանրապետականները պնդում էին, որ Սպիտակ տան ղեկավարն անթերի է գործել:

«Նախագահը արագ անցավ գործի և դադարեցրեց թռիչքները դեպի Չինաստան: Մինչդեռ Ջո Բայդենն ու նրա համախոհ դեմոկրատներն իմ հորը ռասիստ ու այլատյաց էին որակում դրա համար: Նրանք Ամերիկայի ժողովրդի անվտանգությունից ու առողջությունից առավել քաղաքական կոռեկտությունն են կարևորում», - հայտարարեց Թրամփի որդին:

Նախագահին գովաբանող ելույթները դեռ չէին ավարտվել, երբ անակնկալ համագումարում հայտնվեց ինքը Դոնալդ Թրամփը: Որպես կանոն, նախագահության թեկնածուները ելույթ են ունենում միայն համագումարի վերջին օրը և ներկայացնում են, թե ինչ ճանապարհով են տանելու երկիրը հաղթանակի դեպքում: Բազմաթիվ տաբուներ ու ավանդույթներ շրջացած Թրամփը, սակայն, նորամուծություն էր մտցրել նաև այս հարցում. Քառօրյա համագումարում ամեն երեկո նա հանդես կգա ելույթով, ընթացքում էլ կդիմի նախօրոք Սպիտակ տանը տեսագրված ուղերձներին: Երեկ ցուցադրված տեսանյութերից մեկում, օրինակ, նա հանդիպել էր մի խումբ ամերիկացիների, որոնք այլ երկրներում գերությունից կամ բանտերից ազատ էին արձակվել ու հայրենիք վերադարձել նրա վարչակազմի օրոք:

Խոսելով առաջիկա ընտրություններին մասին` Թրամփը վերստին պնդեց, թե ինքը կարող է պարտվել միայն մեկ դեպքում` եթե դեմոկրատները կեղծեն քվեարկությունը, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կազմակերպվելու է փոստային ծառայության միջոցով: «Նրանք ուզում են համաճարակի անվան տան գողանալ մեր հաղթանակը, այնպես որ, դուք պետք է շատ զգույշ և ուշադիր լինեք», - զգուշացրեց գործող նախագահը կուսակիցներին`առանց բացատրելու, թե ինչի վրա են հիմնված իր այդ ենթադրությունները:

Գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորական ոճով է խոսում մրցակցի մասին: Դեմոկրատական Ջո Բայդենն օրեր առաջ կուսակցության ազգային համագումարի վերջին օրը, ստանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահության թեկնածությունը:

Կուսակիցներին և հայրենակիցներին հասցեագրված հանդիսավոր ուղերձում նախկին փոխնախագահը հավաստիացրեց, որ գերագույն պաշտոնը ստանալու դեպքում իր առաջնահերթ առաքելությունը կլինի միավորել երկիրն ու հաղթահարել կորոնավիրուսի համավարակը, դրա հետևանքով ի հայտ եկած տնտեսական ծանրագույն ճգնաժամը, անարդարությունը և ռասայական անհավասարությունը:

Համառոտ անդրադառնալով արտաքին հարցերին, Բայդենն ասել է, որ համերաշխության և գործընկերության ոգով կաշխատի դաշնակիցների հետ, ապա՝ որևէ կոնկրետ երկրի անուն չնշելով, ավելացրել է, թե «բռնապետներին սիրաշահելու, նրանց երես տալու օրերը կվերջանան»: Նախագահության թեկնածուի փոխանցմամբ, Դոնալդ Թրամփը ձախողել է Ամերիկան պաշտպանելու յուրաքանչյուր նախագահի համար սրբազան պարտավորությունը: «Հայրենակիցներ, դա աններելի է», - ասել է Բայդենը:

Դեմոկրատների թեկնածուն ներկայացրել է հետթրամփյան Ամերիկայի մասին իր պատկերացումը, ասելով, որ գործող նախագահի օրոք Ամերիկան պառակտվել է, բաժանումները, տարաձայնությունները խորացել են, աճել է ատելությունը, մարդիկ հուսահատված են և ահաբեկված:

«Հույսը վախից ավելի հզոր է, լույսը խավարից ավելի ուժեղ է։ Եկել է մեր ժամը, սա է մեր առաքելությունը», - դիմելով ամերիկացիներին, ասել է 77-ամյա թեկնածուն: Նա ընդգծել է, որ հպարտ դեմոկրատական է և պատրաստ է բարձր պահել կուսակցության դրոշն ու գնալ դեպի ընտրություններ: «Սա մեծագույն պատիվ է, խոնարհաբար ստանձնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի թեկնածությունը», - ասել է Ջո Բայդենը:
Դեմոկրատների կողմից ԱՄՆ փոխնախագահ է առաջադրվել 55-ամյա սենատոր Քամալա Հարիսը: Բայդենին իրենց աջակցությունն են հայտնել նաև դեմոկրատական նախկին թեկնածուները:

Նրանք խոսել են նախկին փոխնախագահի մարդկային բարձր որակների, այլոց ցավը հասկանալու և կիսելու ունակության մասին, անուղղակի նկատել են տվել, որ կյանքի ընթացքում անձնական մեծ ցավ ապրած Բայդենը կարողանում է հասկանալ ուրիշի դժբախտությունը: Մոտ 4 տասնամյակ առաջ Բայդենի առաջին կինը և մեկամյա դուստրը զոհվել են դաժան ճանապարհային վթարում, փոքրիկ տղաներն էլ կոտրվածքներ են ստացել ու հրաշքով են փրկվել: Վեց տարի առաջ էլ այդ տղաներից մեկը՝ խոստումնալից տաղանդավոր քաղաքական գործիչ Բյու Բայդենը գլխուղեղի քաղցկեղից է մահացել:
Ջո Բայդենի հաղթանակի կարևորությանն է անդրադարձել նաև սենատոր Բերնի Սանդերսն, ով, թերևս, ամենահզոր մրցակիցն էր ներկուսակցական ընտրարշավում: «Սա ամենակարևոր ընտրությունն է երկրի արդիական պատմության ընթացքում: Հանձին Ջո Բայդենի մենք ունենք զգայուն, ազնիվ, պարկեշտ լիդեր, ով հատկապես անհրաժեշտ է ամերիկյան պատմության հենց այս շրջանում, տե՛ր իմ, բոլորս՝ առաջադիմական, թե չափավոր, պետք է այսօր միավորվենք ա՛յս նախագահին պարտության մատնելու համար», - ասել է Սանդերսը:

Դեմոկրատներից նախկին թեկնածու, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, մեծահարուստ գործարար Մայքլ Բլումբերգն, ով ժամանակին նաև հանրապետական էր, երեկ Ամերիկային հորդորել է մերժել Թրամփին: «Ես ձեզ կոչ չեմ անում քվեարկել Դոնալդ Թրամփի դեմ, որովհետև նա վատ տղա է, ես կոչ եմ անում նրան դեմ քվեարկել, որովհետև նա վատ է աշխատում», - ասել է Բլումբերգը:

Հանրապետական նախագահ Թրամփը նախընտրական հանդիպումներում պնդում է, որ Բայդենը չունի երկրում կարգուկանոն ապահովելու ունակություն, թույլ լիդեր է, զենքի իրավունքի դեմ է, սոցիալիստական օրակարգով է առաջնորդվում: Հեռախոսով պատասխանելով «Ֆոքս» հեռուստակայանի մեկնաբան Շոն Հանիթիի հարցերին, Թրամփն ասել է, թե առաջիկա ընտրությունները կդառնան ամերիկյան պատմության ամենախայտառակ կեղծիքը: «51 միլիոն քվեաթերթիկներ փոստով կուղարկվեն ընտրողներին, նրանցից շատերն այդ ժամանակ արդեն մահացած կլինեն, շատերը մեկից ավելի թերթիկ կստանան, դա սարսափելի բան է լինելու», - ասել է Թրամփը:

Փենսիլվանիայում էլ Թրամփն ասել է, թե Բայդենն այդ նահանգում է ծնվել, բայց «վաղուց է ուրացել ծննդավայրը և երբեք իր հարազատ նահանգով չի զբաղվել»: «Այս ընտրություններում որոշվում է մեր երկրի ճակատագիրը, որովհետև մյուս ճամբարում խենթեր են, նրանք լրիվ գժվել են, նայում ես Հիլարիին, նա Ջոից ավելի խելացի է, 4 տարի առաջ նրանք գոնե ինչ-որ չափով մեղսունակ էին, հիմա լրիվ խելքները կորցրել են և արմատական ձախակողմյան օրակարգ են առաջ տանում, Բայդենը ձախակողմյան արմատականների ձեռքում խամաճիկ է», - ասել է Թրամփը:

Այնուամենայնիվ, չնայած այդ ագրեսիվ հռետորաբանությանը և վիրավորական ոճով մրցակցի մասին խոսելու սովորությանը, հարցումների արդյունքները վկայում են, որ առնվազն այս պահին Թրամփը վարկանիշով տասը կետով զիջում է Բայդենին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1668 անգամ
Լրահոս
Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով «Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան» «Մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իմանում ենք հարևան բռնապետի հարցազրույցից» «Մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, անգամ կոլխոզ չղեկավարած անձինք» Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Իրանը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ նոր հակամարտության․ WSJ Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am