ՊՊԿ-28. քայլ, որը շրջադարձային եղավ Արցախի ազատամարտում. Տեսանյութ
Եթե այսօր երիտասարդներին ու պատանիներին հարցնենք Արցախի ազատամարտի մասին, շատ-շատերը միանգամից կնշեն Շուշիի ազատագրումը, որն, անկասկած, խոշոր հաղթանակ է: Շատերը, կարծում եմ, կնշեն նաև Արցախի ազատամարտում հաղթանակը: Բայց նույնքան շատերը կդժվարանան նշել, թե ի՞նչ է կատարվել այդ միջակայքում՝ 1992-ի մայիսից մինչև 1994-ի մայիս ընկած ժամանակահատվածում: Ցավոք, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեծ մասը շատ աղոտ է պատկերացնում այդ ընթացքը, և այն, թե ինչպես, ի՞նչ քայլերի ու որոշումների շնորհիվ հաջողվեց բեկում մտցնել պատերազմի ընթացքում, որ շրջվել էր մեր դեմ: Ասենք, ինչո՞ւ միայն երիտասարդ սերունդը, ավելի բարձր տարիքի հայրենակիցներից շատերն էլ արդեն հասցրել են մոռանալ, թե ինչն ինչպես է եղել, որքան էլ որ այդ ամենը կատարվել է մեր կյանքի օրոք, ընդամենը 28 տարի առաջ...
Իսկ 28 տարի առաջ, այս օրերին Արցախում իսկապես օրհասական իրադրություն էր: Շուշիի ազատագրման փայլուն գործողությունից, Բերձորի ազատագրումից ու Հայաստանի հետ ցամաքային կապը վերականգնելուց հետո, ճակատում ձախողումներ եղան և ծանր կորուստներ, մեկը մյուսի հետևից: Ընկավ Շահումյանի շրջանը, թշնամին գրեթե լիովին գրավեց Մարտակերտի շրջանը, այլ ուղղություններում ևս ռազմական իրադրությունը մխիթարական չէր, ավերված գյուղեր, հազարավոր ու հազարավոր փախստականներ, թշնամու օդուժի ռմբահար հարձակումներ, անդադար հրետակոծություն...:
Միայն այն փաստը, որ այդ դրությամբ ագրեսորին հաջողվել էր օկուպացնել ԼՂՀ տարածքի առնվազն կեսը, արդեն իսկ բնութագրում է վիճակը՝ առանց հավելյալ բացատրությունների:
Հենց այդ ժամանակահատվածում էր, որ Արցախում ընդունվեց դժվարին, բայց, ինչպես պատմությունն ու հետագա ընթացքն ապացուցեցին՝ տվյալ իրավիճակում հնարավոր միակ ճիշտ որոշումը. հայտարարել ռազմական դրություն, կազմավորել Պաշտպանության պետական կոմիտե, իշխանության գրեթե բոլոր լիազորությունները փոխանցել այդ կառույցին, կենտրոնացնել բոլոր ուժերն ու ռեսուրսները, ամեն ինչ ծառայեցնելով մեկ գերնպատակի՝ հաղթանակ, որն այս դեպքում նշանակում է նաև՝ սեփական հողի վրա գոյության իրավունք և ապագա:
Մենք ունենք եզակի հնարավորություն, ներկայացնելու մի փոքր դրվագ Արցախի այն ժամանակվա ղեկավարության՝ 1992 թվականի օգոստոսին տեղի ունեցած մի քննարկումից, որի օրակարգում հենց Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու հարցն էր: Այս տեսանյութի առանձին կարճ դրվագներ ավելի վաղ շրջանառվել են, բայց՝ առանց ձայնի, միայն տեսակադրերը: Իսկ ներկայացվող մոտ 20 րոպե տևողությամբ տեսանյութը դիտողին հնարավորություն է տալիս, առանց «միջնորդների», սեփական պատկերացումները կազմել ինչպես այն ժամանակ ստեղծված կացության, այնպես էլ՝ այն մթնոլորտի, տրամադրությունների մասին, որոնց պայմաններում որոշվեց ստեղծել ԼՂՀ ՊՊԿ-ն և որը բեկումնայիին եղավ հաղթանակելու գործում:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Պետական Կոմիտեի
Ղեկավար հետևյալ կազմ ձևավորվեց՝
Ռոբերտ Քոչարյան – ՊՊԿ նախագահ
Կարեն Բաբուրյան - նախագահի տեղակալ
Սերժ Սարգսյան - Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար
Արմեն Իսագուլով - Ներքին գործերի ղեկավար
Սամվել Բաբայան - Ինքնապաշտպանության ուժերի ղեկավարի տեղակալ, ՊԲ հրամանատար
Բորիս Առուշանյան - Տնտեսական գծով ղեկավար
Վալերի Բալայան - Պաշտպանության և ավտանգության կոմիտեի ղեկավար
Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր՝ «Կյանք և ազատություն» հուշագրության մեջ բավականին հանգամանալի և անմիջականորեն ներկայացրել է այդ իրադարձության մանրամասնությունները, նախորդած դեպքերն ու քննարկումները, իր զգացողությունները՝ այդ ամենի հետ կապված:
«Ղեկավար լինել այն պահին, երբ ամեն ինչ կործանվում է, չափազանց ծանր որոշում է»
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուշագրության մեջ ընդգծում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Բորիս Բաբայանի դերը՝ ստեղծված իրավիճակում ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնող միասնական ղեկավար մարմին ձևավորելու նախնական քննարկումներում, ինչպես նաև՝ այդ գաղափարը տարածելու և դրա շուրջ ղեկավարության շրջանում համաձայնության հանգելու գործընթացում Սամվել Բաբայանի դերակատարումը:
Հատկանշական է Ռոբերտ Քոչարյանի հատկապես հետևյալ դիտարկումը. «Պարադոքսային վիճակ. իշխանությունը, որի համար սովորաբար միշտ ու ամենուրեք պայքարում են, բեռ էր դարձել, որից հաճույքով ազատվում էին: Ղեկավար լինել այն պահին, երբ ամեն ինչ կործանվում է, չափազանց ծանր որոշում է: Ծիծաղելի է հնչում, բայց ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել: Հետագայում իշխանության ու լիազորությունների համար ինձ հետ մարտնչել ցանկացողները բավական շատ կլինեն...»:
Դա հետագայում, իսկ այն ժամանակ բոլորովին այլ տրամադրություններ էին. «Իհարկե, կասկածներ դեռ ունեի. այդ հանգամանքներում անհնար էր բացարձակ վստահ լինել հաջողությանը: Բայց տեսնում էի, որ մարդիկ հույսով են նայում ինձ: Հայտնվել էի մի վիճակում, որտեղ ընտրություն չկա, հատկապես երբ հասկանում ես՝ եթե ոչ դու, ապա ուրիշ ոչ ոք դա չի անի: Չէ՞ որ հարցն այսպես էր դրված. կորցնում կամ չես կորցնում հայրենիքդ ամենաուղղակի իմաստով»,-պատմում է Ռոբերտ Քոչարյանը:
Այստեղ է շատ ու շատ հարցերի «բանալին». համարձակություն ունենալ ստանձնել պատասխանատվություն գրեթե անհույս իրավիճակում, դրսևորել մեծ կամք ու վճռականություն՝ առաջադրած նպատակներին հասնելու համար, ձևավորել գործունակ ու արդյունքների հասնել կարողացող համախոհների թիմ, իրավիճակն ու իրողությունները գնահատել համարժեք և կայացնել կշռադատված որոշումներ, օրնիբուն ու նվիրված աշխատել՝ չխնայելով ոչինչ:
Հարկավ, հիաշատկման է արժանի շատերի դերակատարումը, ինչպես նման որոշում կայացնելու գործում, սկսած ԼՂՀ այն ժամանակվա Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանից, վերջացրած ԼՂՀ կառավարության ղեկավար Օլեգ Եսայանով, այնպես էլ, իհարկե, որոշումը գործով արդարացնելու առումով ՊՊԿ թիմի ներկայացուցիչներին՝ Սերժ Սարգսյան, Ժիրայր Պողոսյան, Կարեն Բաբուրյան, Բորիս Առուշանյան, Սամվել Բաբայան, Վալերի Բալայան, Արմեն Իսագուլով...
Անկասկած, այս անվանացանկը երկար կարելի է շարունակել, ամենից առաջ՝ հարգանքով խոնարհվելով բոլոր այն մարդկանց հիշատակի առաջ, որ իրենց կյանքը դրեցին գոյապայքարի զոհասեղանին...
ՊՊԿ գործնական դերակատարումը
Ի՞նչ կատարվեց 1992 թվականի օգոստոսի 15-ին ԼՂՀ ԳԽ որոշմամբ ստեղծված ամբողջ իշխանությունը կենտրոնացնելուց և ՊՊԿ-ին փոխանցելուց հետո: Նախ, դրանից օրեր առաջ, օգոստոսի 12-ին արդեն ԳԽ-ն Արցախում հայտարարել էր ռազմական դրություն:
Ինչ վերաբերում է Պաշտպանության պետական կոմիտեին, ապա առաջին քայլերը բխում էին ստեղծված իրավիճակից ու լիովին համահունչ էին օրախնդիր պահանջներին. ընդհանուր զորահավաք, կամավորական ինքնապաշտպանական ջոկատներից անցում կանոնավոր բանակի՝ համապատասխան կառուցվածքով ու անհրաժեշտ կարգապահությամբ, բոլոր նյութական ռեսուրսների կենտրոնացում և խիստ վերահսկողություն...
Առաջինը. բացի ընդհանուր զորահավաքից, արմատապես վերափոխվեց Արցախի պաշտպանության կառուցվածքը. ձևավորվեց վեց պաշտպանական շրջան (ժամանակին, 18-րդ դարում Արցախի և Սյունիքի մելիքությունները նույնպես պաշտպանությունն իրականացրել են պաշտպանական շրջաններով՝ սղնախներով), բոլոր ջոկատները վերակազմավորվեցին բանակային կառույցների՝ «դասակ, վաշտ, գումարտակ» սխեմայով, միասնական հրամանատարության միանձնյա ենթակայությամբ:
Բացի զուտ բանակային, պաշտպանական խնդիրներից, ՊՊԿ-ն ստեղծված պայմաններում անում էր ամեն ինչ՝ ռազմաճակատի թիկունքում կյանքի բնականոն ընթացքն ապահովելու, կոմունալ ծառայությունների անխափան աշխատանքի, թշնամու գրաված շրջանների բնակչության կեցության պայմաններն ապահովելու համար:
ՊՊԿ գործունեության արդյունքները հանրահայտ են: Հիմնականը. Արդեն 1992 թվականի աշնան կեսերին հաջողվեց ռազմաճակատում շտկել իրադրությունը, ոչ միայն դադարեցնել թշնամու հետագա առաջխաղացումը, այլև անցնել դիրքային մարտերի: Իսկ 1992-ի նոյեմբերին արդեն Արցախի բանակն անցավ պատասխան հարձակողական գործողությունների: Դա բեկումնային պահն էր, որից հետո շարունակվեցին փառահեղ հաղթանակները՝ Մարտակերտի շրջանի ու շրջկենտրոնի ազատագրում, Քարվաճառի ազատագրում և այդպես շարունակ, մինչև 1994-ի մայիսի, այսպես ասենք՝ հաղթական հրադադարի պայմանագիրը...
Հուշագրության մեջ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ նախ պետք էր ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտային կենտրոնացնել բոլոր մարդկային ու նյութական ռեսուրսները միակ նպատակին հասնելու համար՝ ապահովել արդյունավետ պաշտպանություն: «Դրան էին ուղղված իմ բոլոր գործողությունները. թշնամին արդեն վերահսկում էր հանրապետության տարածքի կեսից ավելին,-նշում է Ռոբերտ Քոչարյանը:- Շտապ կարգով ընդունված առաջին որոշումներս վերաբերում էին ռազմական դրության ամրապնդմանը, ընդհանուր զորակոչին, զինվորական դատախազության, պարետության և զինվորական տրիբունալի ստեղծմանը: Պատերազմին մասնակցելն այլևս կամավոր գործ չէր, մենք խիստ զորահավաք անցկացրինք՝ չեղյալ հայտարարելով բոլոր արտոնություններն ու ծառայության կանչելով բոլորին, ովքեր կարող էին զենք վերցնել: ...Նյութական միջոցները սուղ էին և առաջնահերթ տրվում էին բանակին...:
...Կոմունալ ծառայությունների աշխատանքը ստիպված էինք վերականգնել մշտական գնդակոծությունների պայմաններում. ՊՊԿ-ի կազմավորումից հետո առաջին մի քանի ամսվա ընթացքում վերականգնվեց Ղարաբաղի էլեկտրամատակարարումը, սկսեց գործել ջրմուղը, սկսեցինք գազ ստանալ Հայաստանից: Վերագործարկվեց հացի գործարանը, իսկ «Գյուղտնտմեքենան» վերասարքավորեցինք տանկանորոգման գործարանի, և ամբողջ պատերազմի ընթացքում այն արդյունավետ վերականգնում էր զրահատեխնիկան: Ստեփանակերտում շինարարական խմբեր կազմեցինք, որոնք գնդակոծություններն ու ռմբակոծությունները դադարելուն պես սկսում էին նորոգել տանիքները, հավաքել շինաղբը՝ վերացնել ավերածությունների հետևանքները...»:
ՊՊԿ ստեղծման և գործունեության հատկանշական նրբերանգներ
Հատկապես, երբ տարիների հեռվից վերստին դիտարկում ես այն ժամանակ ստեղծված օրհասական իրավիճակում Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի ձևավորման ընթացքը, առաջինը, ինչ աչքի է զարնում, այն է, թե որքան մեծ ուշադրություն է հատկացվել ՊՊԿ ձևավորման օրինականության խնդրին:
Առաջին հայացքից թվում է՝ մի՞թե դրա ժամանակն էր: Բայց 28 տարվա հեռվից դիտարկելով այն ժամանակվա որոշումները, անհնար է չգնահատել թե՛ օրինականությունն ապահովելու սկզբունքայնությունը, թե՛ հեռատեսությունը:
Հիրավի, գնահատելի է, որ միջազգայնորեն չճանաչված, նոր-նոր անկախություն հռչակած, արտաքին ագրեսորի դեմ կենաց-մահու պատերազմի մեջ ու աննախանձելի վիճակում գտնվող պետության քաղաքական ղեկավարությունը ձևավորում է իշխանության մարմին, նախանձելի բծախնդրությամբ հետևելով այդ կառույցի ստեղծման օրինական հիմքերի ապահովմանը:
Մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ ՊՊԿ խիստ մոտեցումների ու որոշումների պարագայում բացառություններ չեն արվել ևս ոչ մեկի համար, արտոնյալ պայմաններ չեն ապահովվել Արցախի այն ժամանակվա ղեկավարների համար, նրանց կանայք, երեխաները, իրենց բոլոր հայրենակիցների հետ, մնացել են պատերազմող երկրում, օրնիբուն ռմբակոծվող Ստեփանակերտում: Հոգեբանական նշանակությունից բացի, նաև դա է թույլ տվել ապահովել իսկապես բարձր կարգապահություն և հստակություն՝ բոլո՛ր գործողություններում, ինչպես ռազմական առումով, այնպես էլ՝ թիկունքում կյանքի ու աշխատանքի պայմանների ապահովման գործում:
Մեծ հաշվով, ՊՊԿ-ն կարելի է ասել, արտացոլում կամ մարմնավորում է «կազմակերպված պետության» նախնական մոդելը: Պետական կառավարման ու դրա արդյունավետության ապահովման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի բանաձևած «կազմակերպված պետության» գաղափարը և ավելի շատ՝ այդ գաղափարի գործնական կիրառման հաջողված փորձը մեծապես խարսխված են այդ մոդելի վրա:
Դրանով է նաև պայմանավորված, որ արդեն խաղաղ պայմաններում ԼՂՀ նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը հաջող գործունեություն ծավալեց: Ավելին, ճգնաժամային, պատերազմական պայմաններում հաջողության հասնելու, արդարացված որոշումներ ընդունելու, դրանց կատարման պատասխանատվություն ստանձնելու, դրված նպատակին հասնելու կամք ու վճռականություն դրսևորելու, տված խոսքին մինչև վերջ տեր լինելու կոփված հատկանիշները հետագայում թույլ տվեցին հաջողության հասնել Հայաստանի վարչապետի պաշտոնում, երբ տապալվելն ավելի հավանական էր թվում: Այդ կոփվածքն էր, որ հնարավորություն տվեց Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցնել ընկած վիճակից ու պետությունը դնել զարգացման ռելսերի վրա, հասնել ժողովրդի կյանքի պայմանների ու բարեկեցության աստիճանի նկատելի բարելավման, առանց հատուկ ծրագրերի, առանց հուզաթաթավ հայտարարությունների, հասնել այն բանին, որ արտագաղթի փոխարեն սկսվի տասնյակ հազարավոր հայրենակիցների միանգամայն բնական վերադարձ Հայրենիք:
Աղբյուրը՝ Yerevan.Today