Վարդգես Գասպարին պառկած կմնա դրսում
Սարյան փողոցի թիվ 9/22 ընտրատեղամասում այսօր «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդ Վարդգես Գասպարիի եւ ՀՀԿ-ի վստահված անձ Արթուր Կուղյանոսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: Վարդգես Գասպարին դուրս է եկել ընտրատեղամասից ու պառկել գետնին: «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ կմնա նույն դիրքում մինչեւ ընտրությունների ավարտ, չի մտնելու ընտրատեղամաս այդպիսով ուշադրություն հրավիրելով տեղի ունեցած ապօրինության վրա: Նա պատմեց, որ որոշել էր տեսանկարահանել հանձնաժողովի անդամներին, ՀՀԿ վստահված անձը հարվածել է տեսախցիկին, ապա՝ ողնաշարին, իսկ հետո հանձնաժողովի անդամներից մեկը նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել իր հետեւից. «Հանցագործ մարդիկ իրենց բնույթով չեն սիրում, երբ իրենց նկարում են: Արթուր Կուղյանոսյանին գիտեմ դեռ նախորդ ընտրություններից՝ որպես թաղային խուժան, հանդես է գալիս որպես Տարոն Մարգարյանի վստահված անձ: Սա դիտորդություն չէ, սա խաժամուժի մեջ, ինտրիգների մեջ մտնելու, հարցեր լուծելու տարբերակ է՝ խփել ու փախնել, հայհոյել ու փախնել»: Արթուր Կուղյանոսյանին հանդիպեցինք ընտրատեղամասից դուրս: Նա խուսափում էր հարցերին պատասխանելուց՝ կամ կոպտելով, կամ պատճառաբանելով, թե զբաղված է. «Ես չեմ ճանաչում Վարդգես Գասպարիին»: Այնուհետեւ, նա մտավ ընտրատեղամաս, ամբարտավան քայլվածքով անցավ հանձնաժողովի անդամների կողքով ու գնաց հանգստի սենյակ: Թիվ 9/22 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արաքսյա Բաբաջանյանը սկզբում ասում էր, թե չի ճանաչում երիտասարդին, ապա՝ խոսքը փոխեց՝ նշելով, թե չի տեսել, թե ով մտավ ընտրատեղամաս, իսկ երբ Արթուր Կուղյանոսյանը կրկին սկսեց քայլել ընտրատեղամասի սենյակով, տիկին Բաբաջանյանը ճանաչեց նրան, սակայն վստահեցրեց, որ նա որեւէ միջադեպի մասնակից չի եղել. «Ես ընդամենը արձանագրություն եմ կազմել Վարդգես Գասպարիի խոսքերի հիման վրա, սակայն ես որեւէ վիճաբանության, միջադեպի ականատես չեմ եղել»:
