Ոստիկանները Զարուհի Փոստանջյանին ՀՀԿ շտաբից դուրս հանեցին և տարան մինչև ոստիկանության մեքենան, նրա աղջիկը բերման ենթարկվեց
Ավանում ՀՀԿ-ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով այս պահին Ավանում ՀՀԿ շտաբներից մեկում է գտնվում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Ըստ Փոստանջյանի ստացած ահազանգի ՝ ՀՀԿ շտաբի դարակներում կան պահված ցուցակներ, մինչդեռ շտաբի աշխատակիցներն ու Ավանի թաղապետ, ՀՀԿ-ի Ավանի տարածքային կազմակերպության ղեկավար Մանվել Ջավադյանը հրաժարվեցին ցույց տալ ցուցակները: Քիչ առաջ նշված հասցե ժամանեց Նոր Նորքի ոստիկանապետը, ով հրամայեց բոլորին դուրս գալ, որովհետև հանցագործության մասին հաղորդում են ստացել և պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնեն: Փոստանջյանն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները հրաժարվեցին դուրս գալ, ինչից հետո Նոր Նորքի ոստիկանապետը հրամայեց բերման ենթարկել Փոստանջյանին ու նրա դստերը: Ոստիկանները Փոստանջյանին քարշ տալով, գրկած տարան մինչև ոստիկանության ծառայողական մեքենան, սակայն Փոստանջյանը դիմադրեց ու չնստեց մեքենան: Վերջում Փոստանջյանը հայտնեց, որ այդ ցուցակներն իր ներկայությամբ չբացվեցին, իսկ իր աղջկան բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Բացի դրանից՝ նա հիշեցրեց, որ ինքը դեռևս անձեռնմխելի է: Ազատություն ռադիոկայան
