Ինչ պահարան են շարժել ոստիկանները
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը անդրադարձել է Երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, ըստ որի՝ 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը: “Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան: Այս իրողությունը հաստատել է նաև ընտրությունների մասնակից Ելք դաշինքի ներկայացուցիչը”,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Ահարոնյանը: Նա Երևանի ավագանու ընտրություններում ներգրավված բոլոր քաղաքական ուժերի, հասարակական և դիտորդական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է անում ձեռնպահ մնալ անստույգ, առավել ևս շինծու տեղեկություններով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից:
