Տնտեսական ողբերգության նախաշեմին. 90-ականների ցնցումները կկրկնվեն

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Դեսթիջին ողջունել է թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները և միաժամանակ սպառնացել Հայաստանին։ Նա, մասնավորապես, ասել է. «եթե Հայաստանը շարունակի ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ապա առաջիկա տարիներին տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»։

Ծայրահեղական գործիչը կրկնելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյանների նմանօրինակ հայտարարությունները ավելացրել է, որ «եթե Հայաստանը տարածաշրջանում ցանկանում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ապրել, ապա թող նախապես իմանա, որ բարեկամությունից բացի այլ ելք չունի»։

Թուրք-ադրբեջանական սպառնալիքներն, այսպիսով` շարունակվում են Հայաստանի ուղղությամբ: Հուլիսին ադրբեջանական սանձազերծած ռազմական գործողություններն, իրականում, Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ ծրագրերի տապալումն էր, որը խորը նստվածք է թողել թուրք և ադրբեջանցի քաղաքական-իշխանական վերնախավի համար, և նրանք դեռ երկար չեն հանդարտվելու:

Որպեսզի թաքցնեն Ադրբեջանում խորացող տնտեսական-սոցիալական խնդիրները՝ իշխանությունները «զարկ» են տալու Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներ տեղալու քաղաքականությանը՝ հանդես գալով նոր «խոստումներով»՝ «Ղարաբաղը վերադարձնելու» ուղղությամբ:

Ադրբեջանը վերանայում է 2020-ի պետբյուջեն: Ադրբեջանի խորհրդարանը երեկ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց 2020-ի բյուջեում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը։ Կառավարությունը որոշել է վերանայել պետբյուջեն, պատճառը ակնկալվող եկամուտների նվազումն է։

Դեռ տարվա սկզբից անկախ փորձագետները պնդում էին, որ Ադրբեջանի բյուջեն անհրաժեշտ է վերանայել` հաշվի առնելով միջազգային շուկայում նավթի գնի անկումը և կորոնավիրուսի համավարակի հետևանքով սոցիալական ծախսերի ավելացումը։ Տնտեսագետները նշում էին, որ Ադրբեջանի բյուջեն հիմնականում կազմվում է նավթի վաճառքից ակնկալվող եկամուտների հաշվարկով։ Բայց նավթի գինն ընկնում է, արդյունահանումը` կրճատվում, քանի որ համավարակի պատճառով նվազում է նավթի պահանջարկը, ուստի բյուջեի վերանայումն անխուսափելի է։ Կառավարությունը հերքում էր փորձագետների փաստարկները, բայց ի վերջո կես տարի անց իշխանությունները գնացին այդ քայլին:

Բյուջեի փոփոխություններով եկամուտները կկազմեն 24 միլիարդ 124 միլիոն մանաթ, հայտնում է «Ազատությունը»: Սա 0,1 տասնորդական տոկոսով քիչ է, քան նախկինում հաստատված բյուջեում էր: Նավթից ակնկալվող եկամուտներն էականորեն նվազեցվել են։ Նախօրոք ընդունված 2020 թվականի բյուջեն կազմվել էր մեկ բարել նավթի գինը 55 դոլարի հաշվարկով, հիմա կատարված փոփոխություններով մեկ բարելի հաշվարկային գինը 55-ի փոխարեն 35 դոլար է։

Իսկ բյուջետային ծախսերն ավելացվել են 2,2 տոկոսով ու հիմա կազմում են 27 միլիարդ 492 միլիոն մանաթ: Բյուջեի դեֆիցիտը մոտավորապես 3 միլիարդ 300 միլիոն մանաթ է։ Ադրբեջանի բյուջեն առաջին անգամ նման մեծ դեֆիցիտ ունի։ Նավթային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանի կարծիքով` կառավարությունը հույս ունի նավթի գինը բարձրանալու դեպքում փակել բյուջեի ճեղքվածքը։

Բյուջեն վերանայելու հարցը խորհրդարանին ներկայացրել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: Նա ասել է, թե իշխանությունների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցների շնորհիվ հաջողվել է էականորեն կանխել կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած բացասական գործընթացների խորացումը, բայց դեռ որոշակի ռիսկեր կան կապված եկամուտների նվազման հետ։ Իսկ բյուջեի ծախսային մասով ֆինանսների նախարարն ասել է, թե ստեղծված իրավիճակում կառավարությունը գերադասում է չկրճատել ծախսերը, նույնիսկ որոշ չափով ավելացնել` նեգատիվ երևույթներից խուսափելու համար։ Բյուջեի ծախսային մասը ավելացվել է 2,2 տասնորդական տոկոսով:

Բյուջեի վերանայումը զգալի ներարկում է նախատեսում պետական նավթային հիմնադրամից։ Փոփոխությունները, ըստ էության, հենվում են այդ հիմնադրամի գումարների վրա։ Պետական նավթային հիմնադրամից պետբյուջեին կատարվող հատկացումներն ավելացվել են 12 միլիարդ 200 միլիոն մանաթով կամ 7,5 տոկոսով։ Ակնկալվում է, որ պետական նավթային ընկերության եկամուտներն այս տարի կկրճատվեն, հայտարարել է ֆինանսների նախարարը։ Նա նաև նշել է, որ ապրիլից սկսված նվազում է երկրի համախառն ներքին արդյունքը, և այդ նվազումը կշարունակվի:

«Բիզիմյոլ.ինֆո» կայքի փոխանցմամբ` տնտեսական փորձագետները գտնում են, որ Ադրբեջանի բնակչությունը կարող է կրկին զգալ 90-ականների ցնցումները։ Ընթացիկ տնտեսական քաղաքականությունը շարունակելը կարող է հանգեցնել լիակատար ողբերգության, քանի որ անխուսափելի է բյուջետային աշխատողների եկամուտների կրճատումը։ Սպասվող բարդությունները կարող են սոցիալական լարվածության պատճառ դառնալ։ Ֆինանսական ռեսուրսները համալրելու և կայունություն պահպանելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ իրական բարեփոխումների վրա, մասնավորապես օպտիմալացնել կենսաթոշակային համակարգը, աշխատատեղեր բացել բյուջետային հիմնարկից դուրս մնացողների համար, նշել են փորձագետները։

Իսկ Sfera կայքը հաղորդում է, որ խորհրդարանական հանձնաժողովը երեկ քննարկել է աշխատանքը կորցրած մարդկանց 190 մանաթ հատկացվող նպաստների հարցը, քանի որ դրա հետ կապված շատ բողոքներ են ստացվում։ Սկզբում նախատեսվում էր նպաստներ հատկացնել 200 հազար մարդկանց, բայց երկրի նախագահի հանձնարարությամբ նրանց թիվն ավելացվել է` հասնելով 600 հազարի։ Խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի երեկվա նիստում պատգամավորները նշել են, որ քաղաքացիներից շատերը գերադասում են աշխատելու փոխարեն 190 մանաթ նպաստ ստանալ ու մերժում են զբաղվածության կենտրոնի առաջարկները։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2059 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am