Ծառայակցի կողմից սպանված Գագիկին հողին են հանձնել
Սյունիքի մարզի Տեղ գյուղում այսօր՝ մայիսի 13-ին, հողին են հանձնել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին: Զինծառայողին հողին են հանձնել զինվորական կարգով՝ Տեղի գերեզմանատանը: Նրա հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, նրա ծառայակից ընկերները: Նշենք, որ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվածը Գորիսի Հարթաշեն գյուղի բնակիչ Արման Հակոբյանն է: ՀՀ ՔՆՆչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Գագիկ Մեսրոպյանի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակից ընկերը: Բավարար փաստական տվյալներ են ձեռքբերվել,որ Գագիկ Մեսրոպյանն սպանության զոհ է դարձելպարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սպանված զինծառայողը Տավուշի մարզի Տեղ գյուղի բնակիչ է, նա ընտանիքի միակ որդին էր, բնակվում էր մոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:
