«Մեր արտաքին միգրացիոն հոսքերի 90-95%-ը, հանգրվանում է Ռուսաստանում». Ռուբեն Եգանյան
«Որակական առումով միգրացիոն իրավիճակում որևէ փոփոխություն տեղի չի ունենում»,- այս մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ներկայացնելով անցյալ տարի միգրացիայի վերբերյալ հերթական հետազոտության արդյունքները: «Այսօրվա Հայաստանի արտաքին միգրացիոն հոսքերը երկու տիպի են. մեկը մշտական արտահոսքն է՝ մշտապես մեկնողների և ժամանողների թվերի բացասական տարբերությունը, մյուսը՝ աշխատանքային միգրացիոն հոսքերն են: Ամեն տարի որոշակի թվով տևական աշխատանքային միգրանտներ կուտակվում են արտերկրում»,ասաց ժողովրդագիրը և հավելեց ,որ մյուս որակական հատկանիշն այն է, որ անընդհատ բացասական մնացորդով ենք ընթանում, միգրացիայի հաշվին բնակչության թվաքանակի նվազում ունենք: Բացի այդ՝ մեր արտաքին միգրացիոն հոսքերի բացարձակ մեծամասնությունը՝ 90-95%-ը, հանգրվանում է Ռուսաստանում: «Հետխորհրդային ողջ ընթացքում այս պատկերը գրեթե անփոփոխ է, սա պայմանավորված է հիմնականում մեր ներքին գործոններով՝ մեր ներքին իրողություններում քիչ թե շատ նշանակալից դրական տեղաշարժերի բացակայությամբ»,- ասաց Ռուբեն Եգանյանը:
