Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Հետք /տեսաշար/

Hetq.am-ը գրում է. Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է` Արտյոմ Մելքումյանը:

Վերջինս տարածքի վարձակալ չէ, դիմել է «Սևան» ազգային պարկ անտառմաքրման աշխատանքներ իրականացնելու խնդրանքով, ինչից հետո տարածքում հայտնվել է ինքնակամ կառուցված ապօրինի մետաղական կոնստրուկցիա:

Ափը սեփականաշնորհված չէ

Դեռևս հուլիսի սկզբին տեղեկություն ստացանք, որ այս լողափը փաստացի շահագործողն առնչություն ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, ինչից հետո սկսվեց մեր նամակագրությունը «Սևան» ազգային պարկի հետ: Նախ նշենք, որ տարածքը սեփականաշնորհված չէ, այն պատկանում է «Սևան» ազգային պարկին, այսինքն` պետությանը, պարզապես տարածքի նկատմամբ կա վարձակալության իրավունք:

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում գտնվող ափամերձ 3,34 հա հողամասի նկատմամբ վարձակալության և կառուցապատման իրավունքը դեռևս 2009 թվականին գրանցվել է Ռուբեն Չախմախչյանի անունով, սահմանվել է տարեկան 400 հազար 800 դրամ վարձավճար: Կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանվել է մինչև 2012 թվականի ապրիլի մեկը, սակայն, ինչպես հայտնում են «Սևան» ազգային պարկից, իրավունքի պետական գրանցումը չի դադարեցվել, և տարածքը փաստացի շահագործվում է:

Ռուբեն Չախմախչյանը Ռուսաստանում հայտնի ճարտարապետ է, ըստ կենսագրական տվյալների` վերջին տարիներին բնակվում է Մոսկվայում, սակայն 1989-1993 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի առաջին տեղակալը:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի` վարձակալ Ռուբեն Չախմախչյանը չի վճարել վարձավճարը, ինչի պատճառով «Սևան» ազգային պարկը հայցադիմում է ներկայացրել` գումարի բռնագանձման պահանջով: Հայցադիմումը սակայն վերադարձվել է հայցվորին, քանի որ կառուցապատման իրավունքի վաճառքի պայմանագրի ուսումնասիրությունից դատարանն արձանագրել է, որ Ռուբեն Չախմախչյանի հաշվառման վայրը ոչ թե Երևանում է, այլ Մոսկվայում:

Փաստական հանգամանքները հնարավոր չէ պարզել, քանի որ հայցադիմումը հետ է ուղարկվել, և գործի նյութերում ներառված բռնագանձման ենթակա գումարի չափի մասին տեղեկություն չկա:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև տարածքի վարձակալ Ռուբեն Չախմախչյանի հետ, վերջինս վստահեցրեց, որ հոդվածում հիշատակվող անձանց հետ որևէ առնչություն չունի, նույնիսկ չի ճանաչում: Չախմախչյանի խոսքով` հողամասը ձեռք բերելուց հետո բավական շատ գումար է ներդրել, այդտեղ կառուցել հանգստյան գոտի, սակայն այն չի շահագործել եկամուտ ստանալու համար: Ասում է` բարեգործական նպատակներով տրամադրել է ընտանիքների, որոնք նման հնարավորություն չունեին, այդ թվում նաև ընկերներին ու բարեկամներին: Չախմախչյանը լողափն արդեն չի շահագործում մի քանի տարի: Վերջինս դժվարացավ հիշել, թե որքան պարտք է կուտակել, սակայն ասաց, որ արդեն կապ է հաստատել «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների հետ և վստահեցրել, որ ամբողջ պարտքը օգոստոսին կվերադարձնի:

Չախմախչյանը նաև հայտնեց, որ որպես ներդրումային ծրագիր ցանկանում է այդ ափում հյուրանոցային համալիր կառուցել, որի նախագծման աշխատանքներն արդեն իրականացրել է:

Հայկ Սարգսյանի առնչությունը լողափին

Երբ զանգահարեցինք լողափի ֆեյսբուքյան էջում տեղադրված հեռախոսահամարով ու ներկայացանք որպես տարածքով հետաքրքրված անձ, ով ցանկանում է խոսել տնօրենի հետ, մեզ հետ կապ հաստատեց Արտյոմ Մելքումյան անունով անձը` ներկայանալով որպես տնօրեն և հաճախակի կրկնելով, որ «ամեն ինչ իր անունով է»: Մելքումյանը պատմեց, որ դիմել է «Սևան» ազգային պարկ` տարածքը բարեկարգելու համար, որն ի սկզբանե եղել է ճահճապատ, այժմ բիզնես է անում, հարկերը` վճարում:

Նշենք, որ օրենքի համաձայն, եթե վարձակալն իր հերթին մեկ այլ անձի կամ ընկերության տարածք է վարձակալության տալիս (ենթավարձակալություն), ապա պետք է կնքվի ենթավարձակալության պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրերը, ըստ էության, կարող են չարտացոլվել «Սևան» ազգային պարկի արխիվում, սակայն այն չի կարող չլինել կադաստրային գործում:

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` տարածքի միակ վարձակալը Ռուբեն Չախմախչյանն է, որն ունի հողամասի կառուցապատման իրավունք, չկա ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք:

Եւ այսպես, մեր զրուցակիցը մեր հարցերին ի պատասխան, թե ումից է վարձակալել տարածքը, որքան գումար է վճարում և այլն, միայն ասում էր, որ տարածքի փաստացի օգտագործողն ինքն է, ամեն ինչ իր անվամբ է, դիմել է «Սևան» ազգային պարկ և ունի օգտագործման թույլտվություն: Մելքումյանը, սակայն, հրաժարվեց իր խոսքով` բարեկարգման համար թույլտվության պայմանագիրը մեզ տրամադրել, ասելով` դիմեք ազգային պարկ:

«Ես ոչ մեկից ոչ վարձակալել եմ, ոչ էլ վարձով տվել, դիմել եմ, ինձ թույլատրել են, մաքրել եմ էդ ափը, բարեկարգել եմ, խնդիրն ինչո՞ւմն է»,- ասաց նա` հավելելով, որ շատ զբաղված է և չի կարող պայմանագիր ուղարկել:

Մեր հերթական հարցմանն ի պատասխան «Սևան» ազգային պարկից հայտնեցին, որ Արտոմ Մելքումյանը 2020 թվականի մայիսի 23-ին դիմել է «Սևան» ազգային պարկ և խնդրել թույլ տալ անտառմաքրման աշխատանքներ իրականացնել Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասի առաջին պահաբաժնի 9-րդ քառակուսում: «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը Արտյոմ Մելքումյանի հետ մայիսի 27-ին կնքել է «Սևանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագիր»: ՊՈԱԿ-ի աշխատակիցները մաքրման աշխատանքներից հետո նույն տարածքում հայտնաբերել են ինքնակամ ապօրինի տեղադրված մետաղական կոնստրուկցիա, իսկ մաքրման տարածքին հարակից տարածքում` փայտյա շարժական տնակներ, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Այն ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարություն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

Արտյոմ Մելքումյանը, որը Հայկ և Նաիրի Սարգսյանների հետ մտերիմ հարաբերություններ ունի, նախ հրաժարվեց այդ կապից, ապա երբ ասացինք, որ բազմաթիվ նկարներ կան այդ մտերմությունը հավաստող, ասաց, որ Հայկի հետ վաղեմի ընկերներ են եղել, սակայն այժմ չեն շփվում: Երբ հիշեցրինք, որ օրեր առաջ Հայկ Սարգսյանը «Սպիտակ Շորժա» հանգստի գոտում էր, մասնակցում էր խնջույքին, որի մասին բազմաթիվ ԶԼՄ-ներ գրել են, ավելին` եղել է անգամ լողափի աշխատանքային համակարգչի դիմաց, Մելքումյանն ասաց, որ Հայկ Սարգսյանը իր հյուրն է եղել, դրա համար էլ մոտեցել է համակարգչին:

Մեր հեռախոսազրույցից հետո Արտյոմ Մելքումյանն իր ֆեյսբուքյան էջից հեռացրել է Հայկ և Նաիրի Սարգսյանների հետ համատեղ արված գրեթե բոլոր լուսանկարները:

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, սակայն, անարձագանք թողեց թեմայի առնչությամբ մեր նամակը: Նա իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր լողափի սեփականատեր լինելու մասին հրապարակումներին` պնդելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Հայկ Սարգսյանը մեծ ցանկության դեպքում նույնիսկ չէր կարող լինել տարածքի սեփականատերը, քանի որ այն պատկանում է պետությանը, սակայն օրենսդիրը ոչինչ չէր գրել տարածքի փաստացի շահագործման մասին:Հուլիսի 26-ի հայտնի իրադարձություններից հետո պարետատունը հուլիսի 28-ին 14 օրով դադարեցրեց «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունեությունը: Ըստ հաղորդագրության` նման պատժաչափ ողջ արտակարգ դրության ընթացքում կիրառվել է առաջին անգամ. խախտվել են կենդանի կատարմամբ երաժշտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները:

Ուշագրավն այն է, որ լողափի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրվեց, որ պատրաստվում են բողոքարկել պարետատան որոշումը, քանի որ, ըստ իրենց, այն համաչափ չէ: Հաղորդագրությունից նաև պարզ դարձավ, որ լողափը չի պատրաստվում դադարեցնել գործունեությունը, պարզապես կոչ է անում գալ սեփական սննդով գալ և օգտվել ափի բոլոր ծառայություններից, բայց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու թույլտվություն պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը չունի:

դիտվել է 1072 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am