Ադրբեջանական տեռորի վտանգն ու իշխանությունների անգործությունը

Մի քանի օր էր, ինչ մեր հայրենակիցները արտերկրում ենթարկվում էին ադրբեջանցիների հարձակումների: Հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվեց աշխարհի տարբեր քաղաքներ, սակայն բացի դեսպանների հայտարարությունները՝ Հայաստանի իշխանությունները խոշոր հաշվով հայության անվտանգության պահպանության առումով անհրաժեշտ աշխատանքներ չեն իրականացնում:

Հայ-ադրբեջանական բախումներն, ինչպես հայտնի է, արդեն Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներ էին տեղափոխվել: Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքն ավարտվեց զանգվածային ձերբակալություններով: Համացանցում տարածվեցին տեսանյութեր, որտեղ երևում էին, թե ինչպես են մի խումբ մարդիկ հարձակվում հայկական պետհամարանիշով ավտոմեքենայի և մեքենայում նստած տղամարդու վրա, մեկ այլ տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ հայհոյելով ծեծում մի տարեց մարդու և պահանջում, որ նա պատասխանի, թե ում է պատկանում Ղարաբաղը:

Օրերս ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները, ասել է՝ «դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ»: «Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար: Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների, և որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա», նշել է նա:

Անցած օրերին Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները՝ ըստ ամենայնի ՌԴ իշխանությունների հետ շփումների արդյունքում՝ դիմեցին իրենց ժողովուրդներին: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին կոչ է արել հայրենակիցներին դադարեցնել փողոցային անկարգությունները, հետևել ռուսաստանյան օրենսդրությանն ու իրենց պայքարը շարունակել իրավական դաշտում. «Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզնից շատերն այս հզոր երկրի քաղաքացիներ են, խնդրում եմ, հետևեք կանոններին, որոնք գործում են այստեղ»։

Իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստանում էր տեղեկություններ, որ հայերը կոչ են անում այս կամ այն տեղում հավաքվել ակցիաների համար։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը նշել է, որ կիսում է էմոցիոնալ վիճակը, սակայն հիշեցրել էր, որ հենց դրան է ուզում հասնել այն կողմը, որը լարվածություն է հրահրել հանրության շրջանում։ Դեսպան կոչ էր արել չտրվել այդ սադրանքներին ու չսրել իրավիճակը։

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել էր Ուկրաինայում բնակվող/գտնվող Հայաստանի քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին. «Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցած՝ Ադրբեջանի հրահրած մարտական գործողություններն իրենց արձագանքն են գտնում նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Բազում երկրներում, այդ թվում Ուկրաինայում, արձանագրվում են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր: Բարեբախտաբար, իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել։ Խնդրում ենք. ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, առայժմ ձեռնպահ մնալ, հատկապես ուշ ժամերին, ակումբներ, ռեստորաններ, զվարճանքի օբյեկտներ միայնակ կամ փոքր խմբով այցելելուց, առավելևս որ COVID-19-ով վարակվելու վտանգը չի սպառվել, մինչև լարվածության ավարտը հնարավորինս սահմանափակել մթերային շուկաների այցելությունները»։ Նշվում էր, որ Ուկրաինայի իրավապահներն այս օրերին հատկապես աչալուրջ են և ձեռնարկում են հնարավոր միջոցներն՝ ազգամիջյան միջադեպերը կանխելու նպատակով։

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի հայերին կոչ էր անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին, չմասնակցել Գերմանիայի իշխանության կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել սադրիչների հետապնդած նպատակին՝ արդեն իսկ առկա լարվածության աճին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նախ հիշեցրել էր, որ վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում և Գերմանիայում: Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր: Հրկիզվել է ԳԴՀ֊-ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։ Յուրաքանչյուրիդ խնդրում և հորդորում եմ չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին, ինչն էլ սադրիչների հետապնդած նպատակն է։ Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում։ Մեր ընդհանուր խնդիրն է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրության շրջանակներում»,- նշել էր Սմբատյանը:

Վրաստանում հայերն ու ադրբեջանցիներն ապրում են կողք-կողքի: Թերևս, միայն ղարաբաղյան պատերազմի ժամանակ է նկատվել հայ-ադրբեջանական լարված մթնոլորտ:

Այսքան տարի անց մեծ վտանգ կա, որ Վրաստանում էլ մթնոլորտը կարող է սրվել ու դուրս գալ վերահսկողությունից: Ցանկացած սադրանք կարող է ուղղակիորեն ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա՝ Հայաստան-Վրաստան եղբայրական հարաբերությունների վրա ներգործելով: Առանց այն էլ Ադրբեջանն այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում: Մեկ շաբաթ առաջ «Հաքքին ազ»-ը մեղադրեց Վրաստանին նրանում, որ իբր Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ռազմական զինամթերք, որը նույնպես փորձ էր Վրաստանին ներքաշելու նոր կոնֆլիկտի մեջ։
Պետք է միայն հուսալ, որ Վրաստանի իշխանությունները հատուկ ծառայությունները և իրավապահ համակարգը ուշադիր կլինեն՝ թույլ չտալու ադրբեջանական սադրանքներ՝ Վրաստանի հայաբնակ վայրերում և առհասարակ հայերի նկատմամբ:

Բայց այս խիստ վտանգավոր իրավիճակում՝ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունը: Միայն դեսպաննե՞րը պետք է կոչեր անեն այս կամ այն երկրի հայերին զգույշ լինել ու սադրանքների չտրվել..

Աշխատո՞ւմ են ՀՀ իշխանությունները տարբեր երկրների իշխանությունների հետ, թե՞ ցանկացած պահի, ցանկացած սադրանքից հետո միայն պետք է տեղական ուժերը, անհատները փորձեն հանդարտեցնել իրավիճակը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1326 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am