Նավթատարերն ու գազատարները՝ հրթիռների հարվածների վտանգի ներքո. Հարևանները պատրաստ էին միջնորդ դառնալ

Հայաստան-Ադրբեջան հուլիսյան լարվածությունը ցույց տվեց, որ Հայաստանի երկու հարևանների՝ Վրաստանի ու Իրանի համար, որքան կարևոր է տարածաշրջանային կայունությունը:

Թե՛ Վրաստանը, թե՛ Իրանը ակտիվ արձագանքում էին հուլիսի 12-ից սրված իրավիճակին՝ անհաղապաղ հրադադարի կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին:

Մարտական գործողությունների վայրից մինչև Վրաստանի սահմանը ավտոմեքենայով մեկ ժամվա ճանապարհ է, ուղիղ գծով մինչև Վրաստանի սահմանը 40 կիլոմետր է, իսկ ավտոճանապարհով մինչև Սադախլոյի մաքսային անցակետը` 55 կիլոմետր։

Վրաստանի պաշտոնյաների, փորձագետների կարծիքները, տեսակետները ի մի էր բերել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայությունը։ «Արսենալի» ռազմական-վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Իրաքլի Ալադաշվիլին ասել է, որ Վրաստանում լսվում էին Տավուշի մարզի սահմանին տեղի ունեցած կրակոցների ձայները։ Փորձագետի կարծիքով` հայ-ադրբեջանական բախումը լայնածավալ հակամարտության դժվար թե վերածվի, ինչպես ասենք 2016 թվականին, բայց նրան անհանգստացնում է ռազմավարական օբյեկտները թիրախավորելու հայտարարությունները, որոնք նախկինում չէին արվում։ Նրա կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է դուրս գալ տարածաշրջանային անվտանգության սահմաններից։

Արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, նրանց փոխանցում է իր անհանգստություններն ու ցանկությունը՝ շուտափույթ թուլացնելու լարվածությունը։ Զալքալիանին նաև նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջիններից մեկն էր, որը արձագանքեց հայ-ադրբեջանական վերջին միջադեպին։ «Մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ ու գործընկեր երկրների` Ադրբեջանի և Հայաստանի ապագա զարգացման և բարգավաճման համար։ Նախագահը հուսով է, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառվեն, և իրավիճակի հետագա զարգացումը կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշված էր Սալոմե Զուրաբիշվիլիի հուլիսի 13-ի հայտարարությունում։

Տավուշի մարզի սահմանային միջադեպը լայն արձագանք է գտել, քննարկվել է նաև սոցցանցերի հարթակում, վրացական մամուլում։ Մտահոգություններ էին հնչել, որ հրթիռները կարող են ընկնել Վրաստանի տարածքում, որ կարող են վտանգի տակ հայտնվել նավթային միջազգային ծրագրերը։ Նշվել է նաև, թե որքան դժվարին վիճակում կհայտնի Վրաստանը, եթե թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը իրենց աջակցելու խնդրանքով դիմեն Թբիլիսիին։ Ընդդիմադիր «Լելո» շարժումը իշխանություններին նույնիսկ կոչ էր արել միջնորդի դեր ստանձնել Բաքվի և Երևանի միջև։

Միջազգային հարաբերությունների փորձագետ, Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Գեորգի Գոբրոնիձեն, թվարկելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ զբաղվում են աշխարհի հզոր երկրները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, հնարավոր է Իրանը ևս մի կողմ չի քաշվի, նաև ԵԱՀԿ-ի միջնորդական հատուկ խումբ կա` Մինսկի խումբը, այնուհանդերձ գտնում է, որ Վրաստանը ևս կարող է իր ներդրումն ունենալ խաղաղարար գործընթացում։ «Եթե դիտարկենք ոչ պաշտոնական դիվանագիտության տեսանկյունից, ապա կառավարական, քաղաքացիական կազմակերպությունների, միջազգային որոշակի ակտիվիստների մակարդակով Թբիլիսին շատ լավ հարթակ է հայկական և ադրբեջանական կողմերի համար։ Վրաստանը կարող է Թբիլիսին պլատֆորմ առաջարկել խաղաղ բանակցությունների համար։ Դա դրական դերակատարություն կունենա գործընթացում։ Կարող է ձևավորվել տարածաշրջանային խաղաղարար ձևաչափ, և գլխավորը՝ Թբիլիսիի շահերին է համապատասխանում որքան հնարավոր է դրական դերակատարություն ունենալ, որպեսզի իրավիճակի հետագա սրացում տեղի չունենա»։

Կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխման կապակցությամբ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի պետական ՍՈՔԱՐ նավթային ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովը։ Շաբաթ օրը նա մասնակցել է ԱՄՆ-ում գործող Կասպյան քաղաքականության կենտրոնի կազմակերպած տեսակոնֆերանսին, որի ընթացքում ասել է` «եթե նայեք քարտեզին, ապա կտեսնեք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա նավթատարերը, Բաքու Թբիլիսի-Էրզրում գազատարը մոտ են գտնվում բախումների վայրին»։ Դրանցից բացի նաև Տրանս-Ադրիատիկ խողովակաշարը, որի վերջին հատվածը նախատեսվում է ավարտել գալիք աշնան վերջերին։ Նասիրովը արևմուտքին կոչ էր արել օգնել պաշտպանելու էներգակիրների փոխադրումը։ «Օգտվելով առիթից` Վաշինգտոնի և մյուս գործընկերների ուշադրությունն եմ հրավիրում` մտածելու, թե որքան փխրուն է տարածաշրջանը, և ինչպես ապահովել միջանցքի ռազմական և ֆիզիկական անվտանգությունը, որն ապահովում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»,- «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ` ասել է ՍՈՔԱՐ-ի փոխնախագահը։
Մյուս հարևան Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, չբավարարվելով պաշտոնական հայտարարությամբ, հեռախոսային շփումներ ունեցավ հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ ու լարվածության թուլացման հարցում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն հայտնեց:

Հուլիս 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի իր պաշտոնակցի` Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Մնացականյանն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Թե ինչ մտահոգություն ունի՝ Իրանը, պարզ է: Թուրք-ադրբեջանական ակտիվությունը բացարձակ անընդունելի է Իրանի համար: Գումարած ղարաբաղյան կարգավորման համատեքստում օտարերկրյա զորքերի տեղակայումը՝ Իրանի համար թիվ մեկ խնդիրներից մեկն է:

Հայաստանի հարևան, բարեկամանական երկու երկրները վստահաբար գոնե հայտարարությունների մակարդակով կշարունակեն ցույց տալ իրենց դիրքորոշումը՝ Հայաստան-Ադրբեջան լարման շարունակման առիթով: Տարածաշրջանային կայունության առումով՝ Հայաստանն իր երկու հարևանների հետ, ի դեպ, կարող է ավելի նախաձեռնողական քաղաքականություն վարել:
Ինչ վերաբերում է Իրանի միջնորդական ձգումներին, ապա դեռ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը նման փորձ արել է, որը սակայն հաջողությամբ չի պսակվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3408 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am