Կփորձեն ոստիկանական գործողություններով թույլ չտալ դատավորների մուտքը

Հրապարակ օրաթերթը գրում է.

Հայաստանը Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» մոտիվներով կառավարող ՀՀ իշխանությունները երեկ հաղթեցին «Գոմի ճակատամարտը»։ Այդ հաղթանակի մասին ազդարարեց ինքը՝ «Նապոլեոնը»։ Նիկոլ Փաշինյանը, երեկ գիշերը 00։01-ը խփեց, թե չէ, իր ֆեյսբուքյան էջում «ավետեց», որ Հրայր Թովմասյանն այլեւս ՍԴ նախագահ, իսկ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանն այլեւս ՍԴ անդամներ չեն։ Այսուհետ, փաստորեն, ՀՀ քաղաքացին, Հայաստանում ապրող յուրաքանչյուր անհատ կարող է ապրել բարեկեցիկ կյանքով ու իրեն երջանիկ զգալ։ Նույնիսկ Հրայր Թովմասյանն ինքը՝ որպես անհատ, կարող է երջանիկ զգալ այդ փաստից, որ ինքն այլեւս ՍԴ նախագահ չէ։

Բայց Թովմասյանն ու ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը երեկվանից մեկնել են արձակուրդ՝ նրանք թերեւս իրենց երջանկությունը փորձել են գտնել այս գաղջից ու իրենց դեմ թշնամական պայքար մղողներից մի կարճ ժամանակով ազատվելու մեջ։ Նրանց համար ԱԺ-ի, ավելի ստույգ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության միանձնյա ընդունած հակասահմանադրական օրենքն իրավական ուժ չունի, եւ նրանք, այդ թվում՝ Ալվինա Գյուլումյանը, որը երեկ եկել էր ՍԴ՝ աշխատանքի, համարում են, որ իրենք պետք է շարունակեն աշխատել իրենց բնականոն ռեժիմով՝ ինչպես պահանջում է օրենքը։ Բայց իշխանությունները թքած ունեն այն փաստի վրա, որ երկրի օրենսդիր մարմինն ընդունել է հակաօրինական ակտ, արդեն որոշել են, որ իրենք լուծել են այս դատավորների հարցը, եւ նրանք պետք է հեռանան, ու դրա համար չի բացառվում՝ վաղը ոստիկանական ուժեր էլ մտցնեն ՍԴ, որ ուժով դուրս հանեն նրանց։


Բացի այդ, եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ Սահմանադրության փոփոխությունները խորհրդարանն ընդունել է օրենքով, դրան պետք է հետեւեն նաեւ Սահմանադրական դատարանի մասին օրենքում եւ այլ ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունները, որոնք բխում են հենց իրենց ընդունած սահմանադրական օրենքից։ Դա պետք է արվի ՍԴ բնականոն գործունեությունը նոր օրենքի պայմաններում ապահովելու համար։ Բայց դա եւս չի արվել։ Այս մասին երկու օր է՝ բարձրաձայնում են թե՛ ՍԴ դատավորները, թե՛ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, որը երեկ մեզ հետ զրույցում հիշեցրեց․ «Մեր Սահմանադրության մեջ ի՞նչ է ասվում, ասվում է՝ ՍԴ-ի լիազորությունները սահմանվում են օրենքով, իսկ ՍԴ-ի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով։ Այսինքն, եթե պառլամենտը կատարել է փոփոխություն՝ դեռ չենք քննարկում դրա օրինականությունը, դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվել է, դա նշանակում է, որ պետք է դրանից հետո նաեւ փոփոխություններ կատարվեն՝ դրանք համապատասխանեցնելու համար այլ օրենքներում»։
Ըստ այդմ՝ իրենց դատավորներն ու իրենք՝ որպես աշխատակազմ, շարունակում են առաջնորդվել գործող օրենքով։

Մինչդեռ իշխանությունները կարծում են, որ դրա կարիքը չկա՝ միայն իրենց ընդունած հակասահմանադրական օրենքը, որը չեն էլ ուղարկել Սահմանադրական դատարան, բավարար է, որ լուծեն ՍԴ-ում առկա ճգնաժամը, որն իրենք են հորինել։

Օրինակ՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս թեմայով գրառում էր կատարել․ «Հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն, եւ դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ: Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ»։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր երբեմնի ուսանողի՝ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի այս մեկնաբանության վերաբերյալ ասաց․ «Եթե անկեղծ՝ ինչ է ասել Ռուստամ Բադասյանը, ինձ քիչ է հետաքրքրում, ինձ ավելի հետաքրքրում է, թե ինչ են էդ կապակցությամբ ասում Սահմանադրությունը եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքը։ Ակնհայտ է, ուղղակի չափազանց ակնառու է, որ 2005 եւ 1995 թթ․ Սահմանադրությունների համեմատ՝ 2015 թ․ Սահմանադրությունը սահմանադրական նորմերի գործողության անմիջական ուժի վերաբերյալ դրույթի կարգավորումը հանել է։ Սա նշանակում է՝ Սահմանադրության նորմերը, բացի մարդու իրավունքներին առնչվող հատվածից, ուղիղ, անմիջական չեն աշխատում։ Դրա համար անհրաժեշտ են մեխանիզմներ, օրենքներ, կանոնակարգումներ։ Դրա համար նշանակում է, որ մինչեւ Սահմանադրական դատարանի մասին օրենք չփոխվի, լիազորությունները չեն դադարի»։
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ կամակոր կամ սանձարձակ երեխայի պես ոտքը խփել գետնին ու ասել՝ դա մեզ չի խանգարում, իհարկե, կարելի է, հատկապես հաշվի առնելով, որ իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք ակնհայտորեն թքած ունեն Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ու ցանկացած տրամաբանական կանոնի վրա։ «Նրանք անում են այն, ինչ ուզում են անել, եւ բոլորովին այլ հարց է, որ նրանց բոլոր գործողություններում միանգամից մի քանի քրեական հոդված կա»,- նկատեց նախկին նախարարը։

Իսկ ի՞նչ է լինելու, եթե ՍԴ դատավորները չեն ընդունում ԱԺ-ի «ընդունած» օրենքը, իսկ իշխանություններն էլ համարում են, որ իրենց ընդունած օրենքով վերոնշյալ անձինք այլեւս ՍԴ անդամ չեն։ Արփինե Հովհաննիսյանն ասաց․ «Թե ինչ է լինելու, էստեղ շատ հետաքրքիր հարցադրում կա․․․ Եթե ինձ որպես իրավաբանի եք հարցնում, ես այլ կերպ կպատասխանեմ, եթե ինձ հարցնում եք որպես սույն իշխանության անհեթեթությունները մեկնաբանող սուբյեկտի՝ բարդ է ասել, կախված է նրանից, թե Փաշինյանը գիշերը էլ ինչ կորոշի գրել իր ֆեյսբուքյան պատին։ Ենթադրում եմ, որ կփորձեն ոստիկանական գործողություններով թույլ չտալ դատավորների մուտքը։ Եվ այս ամենը, ցավոք սրտի, երկրի ու պետության համար ունենալու է խիստ ծանր հետեւանքներ»։
ՀԳ․ Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին․ «Հարգելի նախագահ, շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։ Ես ուշադիր հետեւում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել՝ հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ»։

դիտվել է 1086 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters ՌԴ զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ Փարիզում հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի ակցիաների Մոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ Պեսկով Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը. Ամստերդամ ԱՄՆ-ը պատրաստում է ՌԴ-ի և Ուկրաինայի գերիների խոշոր փոխանակումը ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ «Արսենալը» պատրաստվում է գործարք առաջարկել «Ռեալին» Պարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել Անձինք, որոնց Մասիս Մելքոնյանն իր մուրճով բանտ է ուղարկել Քարոզչական մանիպուլյացիաների կենսունակության պայմաններում հասարակությունը դառնում է մերկ․ Բադալյան ԲԴԽ-ում ընթանում է 2 դատավորների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան․pastinfo.am «Ազատություն Մասիս Մելքոնյանին»․ «քաղբանտարկյալ» Մասիս Մելքոնյանին աջակցությունը՝ նոր թրենդ փաստաբանական համայնքում Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների կրկնակի չեմպիոն Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ Ինչու է դատավոր Արամ Գրիգորյանը հրաժարվել քննել Արսեն Գևորգյանի գործը, և ում է մակագրվել այն Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի. հայտնի են օրերը ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Մարտիրոսյանի հետ ծանր խաղերից հետո Կարլսենը ժպտաց․ մրցաշարի կազմակերպիչների ուշագրավ ակնարկը Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը ԲԴԽ-ն ստացել է դատավորների անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ Pastinfo Դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին «Սրբուհի Գալյա՛ն, դու քո համար էդ բանտը կառուցի, թե չէ». Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am