Ինտրիգներ՝ ռուսական իշխանական վերնախավում

Կորոնավիրուսի համաճարակը Ռուսաստանում տեսանելի է դարձրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում առկա տարաձայնությունները: Նախօրեին վարչապետ Միխայիլ Միշուստինը մի հրամանագիր է ստորագրել, որով հանձնարարել է համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին ստուգել և վերլուծել բոլոր հրամանագրերը, այդ թվում` Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրերը` ուղղված կորոնավիրուսի տարածման դեմ:

Ըստ «Ազատության»՝ գերատեսչությունները պետք է վերլուծեն և մինչև հունիսի 8-ը զեկուցեն Միշուստինին, թե արդյոք հրամանագրերը չեն խախտում քաղաքացիների իրավունքները: Լրագրողներն արդեն դիմել են Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին մեկնաբանության համար: «Ես կարծում եմ, որ դուք կարող էիք այս մասին հարցնել կառավարությանը, միանգամայն պարտադիր չէ, որ Կրեմլը սա ինչ-որ կերպ մեկնաբանի»,- ասել է Պեսկովը` ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ Միշուստինն անհրաժեշտ է համարում ստուգել Մոսկվայի քաղաքապետի գործողությունները:

Նրան հարցրել են նաև, թե արդյոք այս հանձնարարականը համաձայնեցված է եղել Կրեմլի հետ, ինչին նա պատասխանել է.- «Նման որոշումները Միշուստինի իրավասությունն են»: Ստուգումները պետք է իրականացնեն Արդարադատության, Առողջապահության նախարարությունները, Ռոսպոտրեբնադզորը, նաև Մոսկվայի կառավարությունը:

Ռադիոկայանը հայտնում է, որ հունվարի վերջին Ռուսաստանում վարչապետի որոշմամբ ստեղծվել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Մարտի 14-ին ստեղծվել էր Համավարակի դեմ պայքարի համակարգող խորհուրդ, մարտի 15-ին Պուտինը կարգադրություն էր ստորագրել կորոնավիրուսի տարածմանը հակազդելու պետական խորհրդին կից աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որի ղեկավար էր նշանակել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, ով միաժամանակ դարձել է վարչապետի առաջին տեղակալը համակարգող խորհրդում:

Վերլուծաբանները նախորդ ամիսներին գրում էին, որ Ռուսաստանի նախագահն ինքնամեկուսացվել է և կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծ է ուղարկել վարչապետ Միխային Միշուստինին և քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին: Արդեն մարտից ակնհայտ էր, որ Միշուստինի և Սոբյանինի մոտեցումները տարբեր են, խորհրդակցությունների ժամանակ Միշուստինը և կառավարության անդամներն անդադար հայտարարում էին, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը վերահսկվում է երկրում, իսկ Սոբյանինը պարբերաբար հայտարարում էր, որ ոչ, չկա իրական պատկեր ռեգիոններում, որ անհրաժեշտ է անհապաղ ավելացնել կորոնավիրուսի թեստերի թիվը: Ավելին, երբ իշխանությունները մայիսին սկսեցին խոսել կորոնավիրուսի դանդաղ նահանջի մասին, Սոբյանինը հայտարարում էր, որ խիստ սահմանափակումները գոնե Մոսկվայում պետք է պահպանել, և որ վարակվածների թվի իրական պատկերն ավելին է, քան պաշտոնական վիճակագրությունն է ներկայացնում:

Կառավարության և Մոսկվայի քաղաքապետի մոտեցումներում տարաձայնություններն էլ ավելի ակնհայտ դարձան, երբ երկրի ղեկավարը հայտարարեց հունիսի 24-ին տոնական շքերթ, իսկ մայիսի 26-ին Անմահների գունդ բազմահազարանոց երթ կազմակերպելու մասին: Սոբյանինը միաժամանակ հայտարարեց, որ Մոսկվայում կորոնավիրուսի ինքնապաշտպան ռեժիմը պետք է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ չեն սկսվել կորոնավիրուսի զանգվածային պատվաստումները, այսինքն` առնվազն մինչև աշուն, իսկ իշխանությունները նաև որոշել են հուլիսի 1-ին անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այն չափազանց կարևոր է Ռուսաստանի նախագահի համար, քանի որ զրոյացնում է Պուտինի նախագահության բոլոր 4 ժամկետները և 2024-ին նրան նորից նախագահ ընտրվելու հնարավորություն է տալիս:

Ռուսաստանի տարբեր ռեգիոններում գործում էին և այսօր էլ գործում են կարանտինի տարբեր ռեժիմներ: Պուտինի որոշմամբ ռեգիոնների ղեկավարներն ինքնուրույն պիտի որոշեին կարանտինի կանոններն իրենց ռեգիոններում: Մոսկվայում այսօր էլ գործում են կարանտինի խիստ սահմանափակումներ: Օրինակ` մարդիկ կարող են զբոսնել շաբաթը 3 անգամ, իսկ այլ կարիքների համար տնից դուրս գալու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ էլեկտրոնային անցագրեր, հակառակ դեպքում կտուգանվեն, ընդ որում Մերձմոսկվայում անցագրերն արդեն չեն գործում, և մարդիկ կարող են հանգիստ զբոսներ:

Համացանցում Սոբյանինի որոշումները մոսկվացիները քննադատում են` շեշտելով, որ դրանք խախտում են ազատ տեղաշարժի քաղաքացու իրավունքը: Այս խառնաշփոթը երկրում ստեղծվել էր այն պատճառով, որ ի սկզբանե իշխանությունները չեն հայտարարել երկրում արտակարգ դրություն, և ռեգիոնների ղեկավարները, ըստ էության, ինքնուրույն են որոշում ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ:

Միաժամանակ ռուսաստանցիները նույնիսկ համավարակի պայմաններում, պարզվում է, պատրաստ են մասնակցել բողոքի հավաքների:

«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, այսօր ռուսաստանցիների շուրջ 28 տոկոսը պատրաստ է մասնակցել բողոքի հավաքների:

Կորոնավիրուսի համաճարակը լուրջ հարված է հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, մարդկանց զգալի մասի եկամուտները կրճատվել են, մի մասը համալրել է գործազուրկների բանակը: Ըստ «Լևադա»-ի հարցման արդյունքների, այդուամենայնիվ բողոքի զանգվածային հավաքների հավանականությանն այսօր հավատում ռուսաստանցիների միայն 27 տոկոսը: Շուրջ 61 տոկոսն ասել է, որ բողոքի հավաքները քիչ հավանական են:

Ռուսաստանում, թեև արտակարգ դրություն չի հայտարարվել, բայց առայսօր երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններում, այդ թվում մայրաքաղաքում գործում է կարանտինի խիստ ռեժիմ, որը ենթադրում է նաև բողոքի ցանկացած ակցիայի արգելք: Մինչդեռ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Նիժնի Նովգորոդում անցած շաբաթ մի քանի օր շարունակ անցել են միանձնյա պիկետներ, որոնք իրականացրել են լրագրողներ, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներ, փաստաբաններ: Նրանց բոլորին բերման են ենթարկել, իսկ «Նովայա գազետա»-ի լրագրող Իլյա Ազարին 15 օրով ձերբակալել են:

Իշխանությունները փաստարկում են, որ պիկետներն արգելված են կարանտինի ժամանակ, իսկ ձերբակալված լրագրող Ազարի փաստաբան Լեոնիդ Սոլովյովը, հղում անելով Սահմանադրությանը, հակաճառում է` պնդելով, թե միանձնյա պիկետները կարանտինը չեն խախտում, հատկապես որ Ազարը եղել է դիմակով, ձեռնոցով և պահպանել է սոցիալական հեռավորությունը: Փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալի ձերբակալության որոշումը, և դատարանն այսօր կքննարկի բողոքը:

Նշենք, որ ռուսաստանյան խոշոր քաղաքներում միանձնյա պիկետներն սկսվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մայիսի 7-ին ձերբակալվել է իրավապաշտպան, «Ոստիկանության օբմուդսմեն» հարթակի հիմնադիր Վլադիմիր Վորոնցովին, ում դեմ երկու քրեական գործ են հարուցել: Ռուսաստանցի անկախ լրագրողները համարում են, որ իրավապաշտպանի ձերբակալությունը օրինական չէ, և պահանջում են ազատ արձակել նրան:

Լրագրող Ազարի ձերբակալությունից հետո անցած շաբաթ և կիրակի օրերին պիկետներին էին միացել նաև Մոսկվայի քաղաքային դումայի որոշ պատգամավոր, որոնց նույնպես բերման էին ենթարկել: Լրագրող Տատյանա Ուսմանովան, որը նույնպես անցած շաբաթ բերման էր ենթարկվել պիկետ անցկացնելու համար, ասում է, որ Ազարի ձերբակալությունը, տասնյակ մարդկանց բերման ենթարկելը ապօրինի է:

«Ես այստեղ մենակ կանգնած իմ բողոքն եմ արտահայտում, ոչ մեկի համար վտանգ չեմ ներկայացնում: Ես կարո՞ղ եմ որևէ մեկին վարակել: Ավելի վտանգավոր է մետրոյում կամ մեծ խանութներում, որոնք այսօր գործում են: Ստացվում է, որ ինչ ուզես կարող են մեզ անել, իսկ մենք նույնիսկ միանձնյա պիկետ անցկացնելու իրավունք չունենք», - «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է Ուսմանովան:

Նկատենք նաև, որ ռուսաստանյան աղբյուրները գրել են, որ երկրի իշխանությունները մտադիր են հուլիսի 1-ին կամ 8-ին անցկացնել սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, ինչի մասին առաջիկա օրերին կհայտարարի Վլադիմիր Պուտինը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7845 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am