Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու
Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 6 միլիոնին: Վարակակիրների թիվն արդեն անցել է 5 միլիոն 932 հազարից, համաճարակի զոհերի թիվն անցել է 362 հազարը, բուժվել է մոտ 2 միլիոն 596 հազար մարդ:
Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Ռուսաստանը գրանցել է COVID-19-ից մահացության ռեկորդային ցուցանիշ` 232 մարդ: Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ ինքնամեկուսացման ռեժիմից պետք է անցնել «ինքնապահպանման ռեժիմի»: Այս ռեժիմը, ըստ Սերգեյ Սոբյանինի, Ռուսաստանի մայրաքաղաքում կգործի այնքան ժամանակ, քանի դեռ COVID-19-ի դեմ պատվաստանյութ չի ստեղծվել:
Հայաստանում իրավիճակը առավել քան մտահոգիչ է, եթե չասենք՝ մոտ է աղետալիին: Մայիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 460-ով: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 165 դեպք, այսօր մահերի թիվն ավելացել է 7-ով:
«Իրավիճակը առավել քան լուրջ է և գնալով ավելի լրջանում է», - երեկ արձանագրեց Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ։ Չի բացառվում դարձյալ վերադարձը խիստ կարանտինին, եթե վերակենդանացման բաժանմունքում արդեն ֆիզիկապես տեղ չլինի, հայտարարեց վարչապետը, թեև ամեն ինչ անում են դարձյալ տնտեսությունը ամբողջովին չփակելու համար։ «Կարանտինի չվերադառնալով՝ կառավարելի պահել իրավիճակը, ո՞րն է չափանիշը, չափանիշը կոնկրետ վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է», - նշեց Փաշինյանը:
Հաջորդ հնարավոր խստացումը կարող է լինել ամենուրեք դիմակ կրելու պարտադրանքը։ Այժմ պարտադիր է դիմակի առկայությունը բաց տարածքներում, կրելը՝ տրանսպորտում, կանգառներում և փակ տարածքներում։ Վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է, պոտենցիալ աղբյուրները ամենուրեք են, մեծ մասը առանց ախտանշանների, և հետևաբար այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների խստագույնս պահպանումն է, հայտարարեց վարչապետը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով դիմակի, սոցիալական հեռավորության, ձեռքերի ախտահանման կարևորությունը։
Փաշինյանը կոչ արեց նաև դադարեցնել դիմակների շուրջ բոլոր շահարկումներն ու ապատեղեկատվությունը, քանի որ էլ ավելի է լրջանում։ Դիմակի թանկությունը շահարկել ևս պետք չէ, կարելի է ինքնաշեն դիմակներից օգտվել։ Փորձով ապացուցվել է՝ եթե բոլորը դիմակ կրեն, 90-95 տոկոս հավանականություն կա, որ վարակը չի տարածվի:
Կարելի է ենթադրել, որ այս իրավիճակում ամառային սեզոնը հայաստանցիների համար լինելու է բարդ ու լարված: Վրաստանը վստահաբար չի բացի Հայաստանի հետ սահմանը, իսկ երկրի ներսում՝ կախված համավարակի վիճակից, չեն բացառվում նորանոր խստացումները, ինչն իր հերթին կարող է հանգեցնել ոչ միայն առողջապահական համակարգի կոլապսի, այլև՝ սոցիալ-տնտեսական:
Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը շատ արագ պետք է լուծումներ մշակի ու իրագործի՝ ընդհուպ մինչև պարետային ժամի կիրառումը 1-2 շաբաթով, որպեսզի իրավիճակն արդեն տոտալ անվերահսկելի չդառնա:
Մինչդեռ հարևան Վրաստանը վերացնում է կարանտինային որոշ սահմանափակումներ:
Սկսում է աշխատել հանրային տրանսպորտը, այդ թվում՝ Թբիլիսիի մետրոպոլիտենը: Ուղևորները պարտավոր են դիմակներ կրել։ Վրաստանում հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր մարտի 30-ից։ Հունիսի 1-ից վերաբացվելու են առևտրի կենտրոնների, խանութների, շուկաների, ռեստորանների բաց տարածքները, իսկ հունիսի 8-ից կթույլատրվի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը։
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է սահմանափակումների վերացման երկրորդ փուլի մասին: Ֆրանսիայի բնակիչների համար, մասնավորապես, կվերացվեն ամբողջ երկրով տեղաշարժի սահմանափակումները՝ նախկինում հնարավոր էր տնից հեռանալ ոչ ավելի, քան 100 կմ: Բացի այդ, կբացվեն սրճարաններն ու ռեստորանները: Երկրորդ փուլը, ինչպես նախատեսված էր, կսկսվի հունիսի 2-ին:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվը անցած գիշեր հատեց 103 հազարի շեմը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ողջ երկրի տարածքում կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերի ավելի քան 40 տոկոսը երկու նահանգներում է` Նյու Յորքում և Նյու Ջերսիում:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ էր հաստատել, որ երկիրը հատում է հոգեբանական այս ծանրագույն շեմը` Twitter-ի իր էջում գրելով. - «Եթե ես իմ գործը արագորեն և լավ կատարած չլինեի, մենք այժմ կորոնավիրուսից մահացած մեկուկես կամ նույնիսկ երկու միլիոն մարդ կունենայինք»:
Մահացածների 100 հազար ցուցանիշին հասնելու առթիվ հատուկ հեռուստաուղերձով հանդես եկավ նաև նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակիցը` նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: «Սիրելի ամերիկացիներ: Մեր պատմության մեջ լինում են մռայլ պահեր, որոնք ընդմիշտ դաջվում են յուրաքանչյուրիս սրտում: Այսօր այդ պահերից մեկն է: Միայն Միացյալ Նահանգներում 100 հազար մարդ է մահացել այս վիրուսի հետևանքով: Այս իրավիճակն ավելի անտանելի է դառնում, երբ հասկանում ես՝ սա մի հանգրվան էր, որին մենք երբեք չպետք է հասնեինք: Այս ամենից կարելի էր խուսափել: Կոլումբիայի համալսարանի հետազոտության համաձայն, եթե վարչակազմը սոցիալական հեռավորության պահպանմանն ուղղված քայլերին դիմեր ընդամենը մեկ շաբաթ շուտ, ապա 36 հազար մարդկանց մահը հնարավոր կլիներ կանխել», - հայտարարել է Բայդենը:
Այս ամենի ֆոնին, սակայն, արդեն մեկ շաբաթ է ինչ Միացյալ Նահանգների բոլոր 50 նահանգներում կարանտինային սահմանափակումները աստիճանաբար թուլացվում են: Որպես հետևանք, ըստ Reuters գործակալության, մոտ երկու տասնյակ նահանգներում, նոր վարակակիրների թիվը սկսել է աճել: Ալաբամայում դրանց թիվը աճել է 28, Միսուրիում՝ 27, իսկ Հյուսիսային Կարոլինայում՝ մոտ 26 տոկոսով: Համապետական կտրվածքով, սակայն, վարակակիրների թիվը նախորդ շաբաթավերջի տվյալներով նվազել է շուրջ մեկ տոկոսով:
Գրեթե նույն վիճակն է Հարավային Կորեայում: Կորոնավիրուսի դեմ պայքարում լուրջ հաջողություններ արձանագրած այս պետությունն առաջիններից մեկը սկսեց վերացնել կարանտինային սահմանափակումները: Այսօր, սակայն, դրանց մի մասը կրկին ուժի մեջ է մտնում: Պատճառը վարակակիրների թվի զգալի աճն է. այստեղ կորոնավիրուսի 79 նոր դեպք է հաստատվել: Նման ցուցանիշի հարավկորեացի համաճարակաբանները վերջին անգամ բախվել էին գրեթե երկու ամիս առաջ` ապրիլի 5-ին:
Լատինական Ամերիկայի պետությունների մեծ մասում ևս կորոնավիրուսի համաճարակը դեռ գագաթնակետին է գտնվում: Իրավիճակն արագորեն վատթարանում է Չիլիում, որտեղ ավելի քան 80 հազար վարակակիր կա, 841 մարդ մահացել է: Երկրի իշխանությունները չեն բացառել, որ արդեն առաջիկա օրերին երկրի առողջապահական համակարգը կարող է բախվել կոլապսի իրական վտանգին:
Լատինական Ամերիկայում Չիլիից ավելի վատ է կացությունը միայն Բրազիլիայում և Պերուում: Բրազիլիայում այս պահին շուրջ 400 հազար վարակակիր կա, մոտ 25 հազարը մահացել են: Պերուում վարակակիրների թիվը հասնում է 140 հազարի, մահացածներինը` գերազանցում 4 հազարը:
Մետաքսյա Շալունց