120 երկրներ անկախ հետաքննություն են պահանջում. Թրամփը զայրացած է, Մերկելն ու Մակրոնը մեղմում են դրությունը

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 5 միլիոնից, մահացել է 325 հազարից ավելի մարդ, հիվանդությունից բուժվածների թիվը 1 միլիոն 980 հազար է:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օրերս տեսագագաթնաժողով են անցկացրել, որի ընթացքում առաջարկել են Եվրահանձնաժողովին ընդունել տնտեսական աջակցության պլան այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել են COVID-19-ի համաճարակի ժամանակ:

Համատեղ հռչակագրում նշվում է, որ Եվրահանձնաժողովը կարող է 500 միլիարդ եվրոյի չափով հիմնադրամ ստեղծել, և որ օգնության այս ծրագիրը կբարձրացնի մրցունակությունը, կամրապնդի եվրոպական երկրների տնտեսությունների մերձեցումը, թույլ կտա ավելացնել ներդրումները, մասնավորապես՝ բնապահպանական և թվային ոլորտներում, գիտական հետազոտությունների և նորարարությունների բնագավառներում:

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել նախաձեռնությանը: Ավելի վաղ Եվրամիությունն արդեն ավելի քան 500 միլիարդ եվրո էր մոբիլիզացրել՝ ձեռնարկություններին, աշխատուժի շուկային աջակցելու և Եվրամիության՝ համաճարակից առավել տուժած երկրներին վարկեր տրամադրելու նպատակով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ հիդրօքսիքլորոքին է ընդունում: Մալարիայի դեմ այդ դեղամիջոցը նա բազմիցս գովել է, չնայած դրա՝ որպես կորոնավիրուսի դեմ պրոֆիլակտիկ միջոց օգտագործման վերաբերյալ բժիշկների նախազգուշացումներին: «Արդեն մեկուկես շաբաթ է, ինչ ընդունում եմ այն: Օրական մեկ դեղահաբ», - ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին:

Շաբաթներ առաջ Թրամփը ներկայացրել էր դեղը որպես կորոնավիրուսի դեմ հավանական բուժման միջոց: Այնուամենայնիվ, հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն չի օգնում: 73-ամյա Թրամփը, ով ամեն օր ստուգվում է վիրուսի առկայության հետ կապված, հայտնել է, որ հարցրել է Սպիտակ տան բժշկին՝ կարո՞ղ է արդյոք դեղն ընդունել, բժիշկն էլ պատասխանել է. «Եթե ուզում եք»:

Միաժամանակ Թրամփն օրերս նշեց, որ Չինաստանը պետք է պատասխանատվություն կրի ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման համար: «Այո, Չինաստանը պետք է պատասխնատվություն կրի իր արածի համար։ Նրանք ամբողջ աշխարհին են վնաս հասցրել: Չինաստանը մեզ հրաշալի «նվեր» է մատուցել, վիրուսն այդ երկրից է եկել, տարածվել Եվրոպայում, այնուհետև՝ նաև ԱՄՆ-ում։ Ամբողջ աշխարհն է այս ահավոր հիվանդությամբ վարակվել»,- նկատել է նախագահը և հավելել, որ վիրուսի տարածումը հնարավոր էր կանգնեցնել ավելի վաղ փուլում։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Չինաստանը չի թողել, որ իր երկրի ներսում վիրուսը տարածվի, սակայն թողել է, որ այն Եվրոպա և ԱՄՆ հասնի։

Կորոնավիրուսի ծագման և տարածման հանգամանքների վերաբերյալ միջազգային հանրության շրջանում օր-օրի խորացող կասկածների ֆոնին` աշխարհի ավելի քան 120 երկրներ կոչ են անում այդ հարցով անկախ հետաքննություն սկսել: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել Եվրամիությունն ԵՄ ու Ավստրալիան, ինչին կողմ է արտահայտվել արդեն 122 երկիր, այդ թվում` Հարավային Աֆրիկան, Մեծ Բրիտանիան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Հարավային Կորեան: Այս մասին հայտնի դարձավ Ժնևում օրերս մեկնարկած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախաշեմին:

Ավստրալիայի արտգործնախարար Մերիս Փեյնը հայտարարել է, որ անկախ հետաքննության կողմնակիցները ցանկանում են «օգնել աշխարհին դասեր քաղել, որոնք անհրաժեշտ են առողջության պաշտպանության համար»: Դիվանագետն ավելի վաղ պնդել էր, որ իրականությունը պարզելու համար անհրաժեշտ է միջազգային անկախ հետաքննություն անցկացնել, այլ ոչ թե վստահել այդ գործը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), որը շարունակաբար գովեստի խոսքեր է հնչեցնում Չինաստանի հասցեին: Իր հերթին, Եվրամիության արտաքին կապերի խորհրդի մամլո խոսնակ Վիրջինիա Բատու-Հենրիկսոնը նշել է, որ Բրյուսելը մտադիր է այդ հարցով կոնսենսուսի հասնել: «Մեզ պետք է բոլոր հիմնական խաղացողների աջակցությունը, Չինաստանը դրանցից մեկն է», - նշել է նա:

Համաճարակի ճիրաններում հայտնված երկրներին հուզող գլխավոր հարցը սա է՝ արդյո՞ք արվել է հնարավորը՝ կանխելու կորոնավիրուսը, որն աշխարհում խլել է ավելի քան 325 հազար մարդու կյանք՝ վարակելով շուրջ 5 միլիոնի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, ելույթ ունենալով ասամբլեայի բացմանը, խոստացավ այդ հարցի պատասխանը տալ ամենամոտ և ամենահարմար պահին` անկախ հետաքննության արդյունքում. «Մենք բոլորս այս համաճարակից դասեր ենք քաղել, յուրաքանչյուր երկիր և յուրաքանչյուր կազմակերպություն, իր փորձից ելնելով, պետք է դասեր քաղեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավատարիմ է թափանցիկության, հաշվետվության սկզբունքին և շարունակաբար կատարելագործվելուն»:

Պաշտոնական Պեկինը հաստատեց՝ կողմ է համաճարակի շուրջ անկախ հետաքննությանը, սակայն պայմանով, որ այդ գիտական աշխատանքը գլխավորի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ պահպանելով անաչառության ու արդարության սկզբունքը: Այս մասին նշել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը և հավաստիացրել, որ իր երկիրը ամենայն ազնվությամբ ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, դրա տարածման դեմ ձեռնարկած քայլերով և բուժման մեթոդներով: Միաժամանակ, Չինաստանի նախագահը կոչ է արել հետաձգել բոլոր տեսակի հետաքննություններն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում համաճարակը վերահսկողության տակ չի առնվել: «Համաճարակի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Չինաստանը կաջակցի կորոնավիրուսի համավարակին արձագանքման համաշխարհային քայլերը համակողմանի ստուգելու գաղափարին», - վստահեցրել է Սի Ծինպինը:

Վաշինգտոնն առայժմ չի աջակցել վարակի ծագման շուրջ անկախ հետաքննություն անցկացնելու գաղափարին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե Վաշինգտոնն ինքը կփորձի պարզել, թե որքանով են հիմնավոր պնդումները, որ կորոնավիրուսը ոչ թե կենդանուց է մարդկանց փոխանցվել, այլ սկիզբ է առել Ուհանի բիոլաբորատորիայում և տարածվել է մարդկային սխալի պատճառով։

Աշխարհում առողջապահական ոլորտը համակարգող կառույցը հերքում է Վաշինգտոնից հնչող մեղադրանքները` պնդելով, թե չունի որևէ լիազորություն՝ ստիպելու կառավարություններին բացահայտել տեղեկատվությունը: Կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի համոզմամբ՝ կառույցին փորձում են ներքաշել քաղաքական ֆուտբոլի մեջ:

Առողջապահության ոլորտի փորձագետները կորոնավիրուսի ծագման վերաբերյալ բազմակողմանի և համապարփակ որևէ ուսումնասիրություն մինչ օրս չեն կատարել, մասնագետները նշում են, որ վարակի ծագման վերաբերյալ վերջնական փաստն առայժմ չի հաստատվել, օր-օրի խորացող կասկածները դեռ անպատասխան են մնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար անդամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այդուհանդերձ հորդորել է առաջին հերթին կենտրոնանալ համաճարակի վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգ ստեղծելու վրա: «Առողջապահության համաշխարհային կազմակերությունը լեգիտիմ գլոբալ հաստատություն է, որի հետ կապված են բոլորը: Այդ իսկ պատճառով, մենք միշտ պետք է մտածենք, թե ինչպես բարելավել կազմակերպությունում գործընթացները, հոգ տանել կայուն ֆինանսավորման համակարգի մասին», նշել է կանցլերը՝ հավելելով. - «Կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեզ պետք է ուժեղ ԱՀԿ, իսկ այդ կազմակերպությունը մենք ենք՝ անդամ պետությունները»: Մերկելի այս հայտարարությանը միացել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Նա, իր հերթին, նշել է, որ մահացու վիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերումը դառնալու է աշխարհի սեփականությունը, և կոչ է արել ապահովել դրա հավասար հասանելիությունը բոլոր երկրների համար:

Ի դեպ, ԵՄ դեղորայքի վերահսկողության գործակալության ղեկավար Գիդո Ռասին ասել է, որ ամերիկյան Գիլիըդս ընկերությունը ստացել է ռեմդեսիվիր դեղը որպես COVID-19 բուժող միջոց կիրառելու նախնական արտոնագիր Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) արդեն իսկ խորհուրդ է տվել օգտագործել ռեմդեվիսիրը, թույլ տալով դեղամիջոցը տրամադրել հիվանդներին նախքան դրա լիովին հաստատումը:
ԵՄ օրենսդրությունը թույլ է տալիս դեղամիջոցը վաճառել մեկ տարով դաշինքի տարածքում նախքան անհրաժեշտ բոլոր տվյալների հրապարակումը դրա արդյունավետության և կողմնային ազդեցությունների վերաբերյալ: Բացի ռեմդեսիվիրից, Ռասին նշել է, որ COVID-19- ը բուժող այլ միջոցներից են մոնոկլոնային հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցները, որոնք կարող են արգելափակել նոր կորոնավիրուսը:

Միևնույն ժամանակ Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության տվյալներով՝ նախնական կլինիկական փորձարկումները դրական գնահատական են տվել: Moderna Inc-ն օրերս հայտարարեց, որ իր փորձնական COVID-19 պատվաստանյութը մշակել է հակամարմիններ, որոնք կարող են չեզոքացնել նոր կորոնավիրուսը հիվանդների մոտ կլինիկական փորձարկումների վաղ շրջանում:

Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ հակամարմինների մակարդակը հավասար էր COVID-19- ից առողջացած մարդկանց արյան նմուշների հետ:

Ուսումնասիրության մասնակիցներին տրվել է պատվաստանյութի երեք տարբեր չափաբաժին: Ինչպես նշում է Moderna- ն, բացահայտվել է, որ հիվանդի իմունիտետի բարձրացումը կախված է եղել ներարկված պատվաստանյութի չափաբաժնից: Պարզվել է նաև, որ mRNA-1273 պատվաստանյութը, ընդհանուր առմամբ, անվտանգ է մարդկանց օրգանիզմի համար:

Հիշեցնենք, որ Moderna-ն ակտիվորեն ներգրավված է նոր կորոնավիրուսների դեմ պատվաստանյութ մշակելու ջանքերում: Անցյալ շաբաթ ԱՄՆ առողջապահության նախարարությունը թույլատրեց ընկերությանը անցնել աշխատանքի հաջորդ փուլին պատվաստանյութի պատրաստման հարցում: Հետազոտությունների նոր փուլը նախատեսվում է սկսել հուլիսին: Պատվաստանյութերի հետազոտության խոստումնալից արդյունքների մասին զեկույցներից հետո ԱՄՆ ֆինանսական շուկաներն աճ են արձանագրել ավելի քան 2 տոկոսով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2995 անգամ
Լրահոս
Իմ կենսագրության մեջ չկա մի կետ, որից ես հրաժարվեմ, հպարտ եմ, որ Ղազինյանն իմ ընկերն է. Ֆարմանյան (video) Որքա՞ն է թանկացել պետական պարտքի սպասարկումը. Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինը շատ կարևոր հայտարարություն արեց (video) Կրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել Արամ Վարդևանյանը ՔՊ-ից պահանջեց վերև նայել (video) Փաշինյա՛ն, սա քո փրկօղակն է․․․ Աննա Գրիգորյան (video) Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չունենք, բայց ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի. Չալաբյանի կինը՝ ամուսնու առողջական խնդիրների և բանտային պայմանների մասին «Անիծվա՛ծ ՔՊ-ականներ, սպասե՛ք արա, գիտեք՝ ինչ է լինելու»․ Անաստաս Իսրայելյան (video) Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության մեքենան, կա վիրավոր «Փաշազադե՞ն է ձեր հոգևոր առաջնորդը․ սողունի պես ընկնելու եք»․ Դավիթ Ամալյան (video) Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին, եթե վերջինս սկսի առգրավել ՌԴ առևտրային նավերը. Պուտին Էս խուժանությունը տեղի է ունենում սարսափելի ձևով․․․ Արման Աբովյան (video) Ռուբեն Մելիքյան․ «Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին» Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՊՀԿ Գաղտնի ծառայությունը ուզում էր, որ ես այլ չվերթով գնամ. ես անում եմ այն, ինչ իրենք են ասում. Թրամփը՝ հուլիսին Թուրքիան ԱՄՆ ռшզմական ինքնաթիռով գաղտնի լքելու մասին Ալիևի հայտարարությունները հակասում են Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրին․ ադրբեջանագետ Ես անելանելի վիճակում եմ․․․ երեխեքին թող տանեն մանկատուն, ես էլ աշխատեմ․ երեխաների հայր (video) Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը օգոստոսի 13-ին կբերվի Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցի Արդեն 2–րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am