Անկանխատեսելի Էրդողանը կարո՞ղ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել Սենատի քննարկմանը։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է ԱՄՆ Կոնգրեսի կայքում։ Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարքին և Թոմ Յուդալը: Փաստաթղթում նշվում է, որ, հաշվի առնելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականցված Հայոց ցեղասպանությունը, «նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը արտացոլի մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների, Հայոց ցեղասպանության խնդիրների նկատմամբ համապատասխան ընկալում»։ ԱՄՆ-ում լոբբիստական կառույցներն, իրենց աշխատանքն, ինչպես ասում են, տանում են, և դա խիստ կարևոր աշխատանք է: Անկախ նրանից, որ պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունը`չնայած վարչակազմերի փոփոխություններին, մնում է անփոփոխ, այս աշխատանքը անհրաժեշտ է տանել: Վաշինգտոնի քաղաքականությունը պարզ է. ԱՄՆ-ը կասկածի տակ չդնելով 1915թ. պատմական փաստերը, պարզապես չի օգտագործում ցեղասպանություն եզրույթը` Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունների պատճառով: Բայց միևնույն ժամանակ ԱՄՆ-ի սենատորները տանում են անհրաժեշտ աշխատանք և այն չեն դադարեցնի: Օրերս էլ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Պալատի բոլոր 8 խումբ-խմբակցությունների 104 պատգամավորներ կողմ են քվեարկել բանաձևին, որը ի թիվս մարդկության դեմ իրականացված այլ հանցագործությունների, դատապարտում է նաև հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Փաստաթուղթը կոչ է անում միջազգային հանրությանն արդյունավետ կերպով կանխել մարդու իրավունքների ոտնահարումներն աշխարհում, տարաձայնություններն էլ հարթել խաղաղ ճանապարհով: «Սա բավական բարդ ու երկարատև աշխատանքի արդյունք էր», - «Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հետ զրույցում պատմել է Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, խոստովանելով՝ ընդունումը հարցականի տակ էր մինչև վերջին պահը․ - «Մինչ այսօր փորձեր են եղել հարցը դնել Պատգամավորների պալատի օրակարգ: Մեկ անգամ փորձ եղավ 2016թ. ամռանը, կամ նույնիսկ մայիսին, և բոլորովին վերջերս՝ ապրիլի 4-ին: Վերջին անգամ ընդամենը 11 ձայն չէր հերիքել, որպեսզի բանաձևի նախագիծ դրվի քվեարկության»: Չեխ պատգամավորները ևս մամուլի հետ զրույցում չեն թաքցրել՝ որոշումը հեշտ չէր, բայց՝ անհրաժեշտ էր: - «Ես կողմ քվեարկեցի, քանի որ կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Թուրքիան ճանաչի հայերի դեմ գործած ցեղասպանությունը», - ասել է Չեխիայի մարդու իրավունքների հարցերով նախարար, իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Յան Խվոյկան: «Կարծում ենք՝ սա ճիշտ քայլ էր բարոյական տեսանկյունից», - իր հերթին, նշել է Չեխիայի փոխվարչապետ Անդրեյ Բաբիշի «ԱՆՕ» կուսակցության առաջնորդներից Յարոսլավ Ֆալտինեկը՝ հիշեցնելով, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ հարևան Գերմանիան, արդեն իսկ բավական կոշտ ու հստակ դիրքորոշում են հայտնել այս առնչությամբ: Բանաձևի ընդունումը ողջունել է նաև Չեխիայի նախկին ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը: - «Ցեղասպանության փաստն անհերքելի է, և ես ուրախ եմ, որ մենք ընդունեցինք այս բանաձևը: Անշուշտ, Թուրքիան կարձագանքի, այսօրվա նախագահը, իհարկե, մեծ աղմուկ կբարձրացնի, սակայն մենք մշտապես հանդես ենք եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների և այսօր էլ պետք է այդ մասին հիշեցնենք Թուրքիային», - ասել է Շվարցենբերգը, ով ներկայումս ղեկավարում է խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Ավելի վաղ երկրի նախագահ Միլոշ Զեմանը համայնքի պատմության մեջ առաջին անգամ ցավակցական ուղերձ էր հղել հայերին։ «Այսօր հիշում ենք 102 տարին այն օրից, երբ հայկական հողի վրա իրականացվեց հայ բնակչության զանգվածային կոտորած», - համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին հասցեագրած ուղերձում նշել էր Չեխիայի նախագահը՝ հիշեցնելով, որ ինքն անձամբ մի քանի առիթներով, վերջին անգամ անցյալ տարի՝ հունիսին, Հայաստան կատարած այցի ժամանակ կատարվածը որակել էր որպես ցեղասպանություն: «Պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, քանի որ նրանց ձեռքում պատմությունը հաճախ դառնում է իրենց քաղաքական շահերին ծառայող գործիք», - գրել էր Միլոշ Զեմանը՝ հավելելով․ «Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք ոչ միայն խլեցին 1.5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, և պատմության մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»: Չուշացավ պաշտոնական Անկարայի ջղաձիգ արձագանքը: Թուրքիան դատապարտեց Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած բանաձևը. «Մենք խստագույնս դատապարտում և մերժում ենք ապրիլի 25-ին Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը», ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում: «Մենք նաև հիասթափված ենք 1915թ. իրադարձությունների վերաբերյալ նախագահ Միլոշ Զեմանի 2017թ. ապրիլի 24-ի նամակից՝ ուղղված իր երկրի հայկական սփյուռքին», - հայտարարում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ պնդելով, թե այդ նամակում «լուրջ անհամապատասխանություններ» կան: Մինչդեռ Չեխիայի նախագահը չի պատրաստվում փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, որը համարում է ժամանակակից շրջանի ամենավատթարագույն դաժանություններից մեկը, լրագրողներին պարզաբանել է Զեմանի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը` հավելելով. «Թուրքիայի բացասական արձագանքը նախագահին չի զարմացրել՝ այն սպասելի էր»: Ի դեպ, Թուրքիան Պրահայից հետ չի կանչում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով, ինչը սովորաբար վերջին տարիներին տեղի էր ունենում Հայոց ցեղասպանությունը ճանաչած այլ երկրների դեպքում: Անկարան իր դիրքորոշումը ներկայացրել է Թուրքիայում Չեխիայի դեսպանին: «Քաղաքական բնույթի այս գործողությունների դեմ, որոնք բացահայտ հակասում են պատմական փաստերին, ինչպես նաև օրենքի հիմնարար դրույթներին, մեր դիրքորոշումը փոխանցվել է Անկարայում Չեխիայի դեսպանին», նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում: Ինչպես նկատում ենք, անգամ Թուրքիան, կարծես, արդեն բավարարվում է սովորական դարձած հայտարարություններով ու նույնիսկ հետ չի կանչում իր դեսպանին մի երկրից, որտեղ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը: Այսինքն` քաղաքակիրթ աշխարհի կողմից շղթայական ռեակցիայով ճանաչումները, վաղ թե ուշ հանգեցնելու են Թուրքայի կողմից ճանաչմանը: Ի դեպ, չի կարելի բացառել, որ Անկարայի կողմից ճանաչում լինի հենց անկանխատեսելի համարվող Էրդողանի կողմից, մանավանդ, որ նա երկիրը վերջերս կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում նախագահական դարձրեց: Իսկ դա նշանակում է, որ ավելի ու ավելի ամրանալով` նա հնարավոր է միանձնյա որոշումներ ընդունի, ինչպես ասում են, երբ համարի, որ պահը հասունացել է: Այնպես որ` ոչինչ բացառել չի կարելի... Մետաքսյա Շալունց

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am