Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը, հնարավոր է, մեղմացնի լարվածությունը շփման գծում
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ Արցախի հարցով առաջիկայում նախատեսված եռակողմ հանդիպումը՝ հոգևոր առաջնորդների մասնակցությամբ, վստահության մեխանիզմների կամ դեէսկալացիային միտված քայլ կարելի է համարել: «Դրանից հեռու գնացող հետևություններ կամ հակամարտության լուծման հարցում առաջխաղացման մասին խոսելն ավելորդ է: Նույնիսկ եթե վաղը նախագահների մակարդակով հանդիպում լիներ, դա չէր նշանակի, որ հակամարտության լուծման առումով լուրջ առաջխաղացումներ կարող են տեղի ունենալ, որովհետև կողմերի մոտեցումներն այնքան իրարամերժ են, այնքան իրար հակասող, նույնիսկ բոլոր դրական պայմանների դեպքում դժվար է սպասել, որ մոտակա տարիների, եթե ոչ տասնամյակների ընթացքում, կունենանք լուրջ առաջխաղացում», - կարծիք է հայտնել քաղաքագետը: Թերթի հարցին՝ ինչ կարող են անել հակամարտության լուծման հարցում հոգևոր առաջնորդները, պարոն Մինասյանը պատասխանել է. «Որոշ առումով մեղմացնել լարվածությունը շփման գծում, ստեղծել նոր կանալներ, որոնք որ մեղմացնում են ատելությունը ժողովուրդների ու պետությունների միջև»:
