Ես չեմ կասկածում,դուք կասկածո՞ւմ եք Գագիկ Հարությունյանի անաչառության վրա.Արամ Մանուկյան
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վաղը ժամը 10-ին Սահմանադրական դատարան կներկայացնի հայց՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունները,ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ «Ես չեմ կասկածում,դուք կասկածո՞ւմ եք Գագիկ Հարությունյանի անաչառության վրա,երբեք էլ չեմ կասկածել: Վստահ եմ, որ ՍԴ-ն արդար վճիռ կկայացնի՝ հիմքեր ունեմ: Վերջին հաշվով այդ մարդը մեր պատմության մեջ միակ ընտրված փոխնախագահն է՝ առաջին, վերջին եւ միակ: Այնպես, որ ես վստահում եմ մեր ՍԴ-ին ու ակնկալում եմ արդարացի՝ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ»,- հեգնեց Արամ Մանուկյանը: Թերահավատորեն,բայց դաշինքը դիմել է ՍԴ . «Չի եղել դեպք, երբ կեղծված լինեն ընտրական արդյունքները եւ մենք բողոքած չլինենք ՍԴ-ում: Դա ոչ միայն մեզ է պետք, դա պատմությանն է պետք, դա սերնդին է պետք, դա եկող քաղաքական ու քաղաքացիական ուժերին է պետք»: Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ին, ընտրություն չէր, այլ իշխանության հաղթանակն է սեփական ժողովրդի նկատմամբ. «Սեփական ժողովրդին ոչնչացնելու հրավառություն էր սա, տոնակատարություն էր, եւ իշխանությունները կարող են պարծենալ, որ ՀՀ քաղաքացուն իրենք ոչնչացրել են: Սա քաղաքացու քվեի նկատմամբ ցեղասպանություն էր, ոչնչացրին ընտրական համակարգ կոչվածը, սա առեւտուր էր՝ իշխանությունը գնաց, առավ իր բաժին իշխանությունը: Ու այստեղ քաղաքական ընտրության մասին խոսելն ուղղակի անիմաստ է»: Ի տարբերություն նախորդ բոլոր համապետական ընտրությունների, այս անգամ հետընտրական որեւէ գործընթաց տեղի չունեցավ, անգամ՝ հաղթած ընդդիմությունն ընդունեց ընտրությունների արդյունքները
