Սամվել Բաբայանը ներկա կգտնվի իր կալանքի վերաբերյալ բողոքի քննությանը
Վերաքննիչ դատարանն այսօր մինչև ապրիլի 20-ը հետաձգել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի այսօրվա քննությունը՝ պաշտպանական կողմի միջնորդությամբ: Ինչպես «Փաստինֆո»–ի լրագրողին հայտնեց Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը, Սամվել Բաբայանը ներկա չի եղել այսօրվա նիստին, սակայն ցանկություն է հայտնել մասնակցել բողոքի քննությանը: Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը նրա ներկայությունն ապահովելու համար դատական նիստը հետաձգելու մասին: Վերաքննիչ բողոքում Ա.Քալաշյանը միջնորդել է բեկանել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշումը և Սամվել Բաբայանին ազատ արձակել: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
