ԱԺ նիստը կրկին տապալվեց
Ժամը 12:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 17 պատգամավոր և քվորում չլինելու պատճառով Ազգային ժողովի հերթական քառօրյայի երրորդ նիստը ևս չմեկնարկեց: Ազգային ժողովի փոխնախագահը ուրախությամբ նկատեց, որ նախորդ օրերի համեմատ գրանցված պատգամավորների թիվն ավելացել է: «Քվորում չլինելու պատճառով նիստը չի մեկնարկում:Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն նման դեպքերում պատգամավորների գրանցման գործընթացը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, սակայն ոչ ավելի, քան 3 ժամ: Մեր շարքերը չեն նոսրանում, այսօր 17 պատգամավոր է գրանցվել: Հույս ունեմ, որ աստիճանաբար կվերադառնանք բնականոն հուն»,- հայտնեց նիստը նախագահող, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց դահլիճում ներկա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին` ընտրություններում կուսակցության տարածքային ցուցակով լուրջ հաջողություն արձանագրելու համար: Պատգամավորները ևս մեկ անգամ նիստերի դահլիճում կհավաքվեն ժամը 15:00-ին:
