«Քննարկել ենք իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքների շուրջ». Միխեիլ Ջանելիձե
«2017թ.-ը յուրահատուկ տարի է`ՀՀ-ի եւ Վրաստանի երկկողմ հարաբերությունների համար, քանի որ նշում ենք դիվանագիտական հարաբերությունների 25 տարին: Այս ընթացքում հնարավոր է եղել փոխշահավետ գործընկերության զարգացում ապահովել»,-ՀՀ ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մեր երկրում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, ով ավելի վաղ հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: «Հայաստանն ու Վրաստանը համագործակցության չօգտագործված մեծ ներուժ ունեն»,-հայտարարեց Ջանելիձեն: «Այսօրվա հանդիպման ընթացքում ես և իմ գործընկերը քննարկել ենք համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները: Մենք ընդգծել ենք մեր ձգտումը՝ ավելի ինտենսիվ դարձնել քաղաքական երկխոսությունը: Մենք քննարկել ենք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մենք նաև քննարկել ենք համագործակցության զարգացման այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, մշակույթը, կրթությունը, արվեստը և այլն: Նշվել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության չօգտագործված մեծ ներուժ»,- հայտարարեց Ջանելիձեն: Նա նաև դրական գնահատեց Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր քաղաքական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ «Մենք նաև քննարկել ենք եվրաինտեգրման գործընթացը և համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Գոհունակությամբ նշել ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտը»,- շարունակեց Վրաստանի արտգործնախարարը: Միխեիլ Ջանելիձեն եւ Էդվարդ Նալբանդյանը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցը. «Քննարկել ենք իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքների շուրջ: Տարածաշրջանում անվտանգության պահպանումը կարեւոր է»: Վրաստանի ԱԳ նախարարը հայտնեց, որ ընդգծել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ձգտումը, քննարկել են տնտեսական զարգացման հնարավորությունները՝ տրանսպորտի, էներգետիկայի, տուրիզմի ոլորտներում:
