Ուղեղների արտահոսք. 2016-ին ՀՀ-ից մշտական գնացածների թիվը հասել է 37 հազարի
2016-ին Հայաստանից արտագաղթած մեր քաղաքացիների 53 տոկոսը մեկնել է անվերադարձ: Մինչ այժմ մեկնածների համամասնությունը եղել է հօգուտ վերադարձողների: Այսօր այս մասին հայտնեց «Վերադարձ եւ պաշտպանություն սոցիալ-իրավական» հ/կ նախագահ Տաթեւիկ Բեժանյանը: Ըստ Բեժանյանի՝ միգրացիոն տեղաշարժի մեջ մեծ տոկոս է կազմում երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի դիմողների և անվերադարձ մեկնողների թիվը: Նրա հաղորդմամբ՝ մեր միգրանտների հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է, ապա` հետխորհրդային երկրները, Եվրոպան, ԱՄՆ-ն, Կանադան: «Տարեկան կտրվածքով՝ երկրից անվերադարձ հեռանում է 35 հազար մարդ, սակայն 2016 թվականին անվերադարձ մեկնողների թիվը դարձավ 37 հազար: Հիմա այն պատկերն է, որ 47 տոկոսը կազմում են աշխատանքային միգրանտները, իսկ մշտականը՝ 53 տոկոս»,- ասաց նա: Նրա փոխանցմամբ՝ Հայաստանից մեկնողների 20 տոկոսը ունեն բարձրագույն կրթություն. «Միտում է նկատվում նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի։ Հուսադրող չեն տվյալները, քանի որ միտումը ցույց է տալիս, որ կարող է կրկնվել 90-ականների սկզբի իրականությունը, այսինքն՝ ուղեղների արտահոսք: Հստակ չկա, թե ինչ մասնագետներ են հեռանում, սակայն 20 տոկոսը բարձրագույն կրթություն ստացածներն են: Շոշափելի է բժիշկների և ՏՏ ոլորտների մասնագետների արտահոսքը»:
