Ազգային փոքրամասնությունները, որտեղ էլ լինեն, պետք է լինեն իշխանամետ. Հայաստանի քրդական համայնքի ղեկավար
ՀՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովի խոսքով իրենք մեծ հույսեր ունեն և խորհրդարանում բարձրացնելու են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, կրթությանը ու մշակույթին վերաբերող հարցեր: Մյուս բանախոս՝ Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Արսեն Միխայլովի խոսքով էլ սա պատմական իրադարձություն է, որովհետեւ առաջին անգամ է, որ ասորական համայնքի ներկայացուցիչը ներկայացված կլինի ՀՀ ԱԺ-ում: Կնյազ Հասանովի համոզմամբ ազգային փոքրամասնությունները, որտեղ էլ լինեն, պետք է լինեն իշխանամետ: «Մեր հարցերը պետք է լուծվեն իշխանությունների հետ: ՀՀ իշխանությունները և՛ առաջ, և՛ հիմա ամեն ինչ անում են, մենք չենք կարող ընդդիմադիր լինել Հայաստանի իշխանություններին, որովհետև մեր բոլոր հարցերով դիմում ենք պետությանը: Ուստի, ես համարում եմ, որ ազգային փոքրամասնությունները պետք է կապ ունենան պետական մարմինների հետ, ՀՀԿ-ի հետ, որովհետև ՀՀԿ-ն երկար տարիներ իշխանական հզոր կուսակցություն է, այնտեղ կան բանիմաց, խելացի մարդիկ»,- ասաց նա:
