Սպիտակում երեխաներին սպանած կինը տեղական արտադրության դեղ էր օգտագործել
«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի 300 շահառուների ընթացիկ տարվա մարտի 13-ից « հումանիտար» խողովակով բաշխվում է անորակ, հնդկական արտադրության, 2015 թվականին Կանադայում գրանցված և հենց 2015 թ. օգտագործման համար արգելված դեղեր: Ինչպես ասաց՝ իրենց ջանքերով փետրվարի 21-ից դադարեցվել է «Արտահիվանդանոցային ծառայություն բուժում «Զիպլեքսա» դեղով» ծրագիրը, փոխարենը՝ «Օլանզապին» է տրամադրվում: Նա տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրում են Սպիտակում երեխաներին սպանած, և ինքնասպան եղած կնոջ գործը: «Դիմել եմ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին այդ դեպքի առնչությամբ մանրամասներ ստանալու համար: Քննչական կոմիտեի պատասխանում ասվում է, որ երեխաների մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը 2014 թվականի փետրվարի 13-ին «դեպրեսիվ համախտանիշ» ախտորոշմամբ հաշվառվել է «Սպիտակի բժշկական կենտրոնի» հոգեբուժական կաբինետում և մինչև 2015 թվականի օգոստոսը ստացել է բժշկի կողմից նշանակված «Տրիֆտազին» տեսակի հոգեմետ դեղամիջոցը, իսկ հիշյալ ժամանակից հետո նրան հատկացվել են հակադեպրեսանտներ՝ «Լոռազեպամ», «Կառբամազեպին» և «Ֆետիզմա» տեսակի դեղահաբերը: Այսինքն՝ նրան տեղական արտադրության դեղեր են տվել»,-մանրամասնեց Կարինե Թուխիկյանը:
