«Ընտրակաշառքն իրեն չարդարացրեց». Խոսրով Հարությունյան
«Նորանկախ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ էր, որ ընտրությունների արդյունքները վիճահարույց չէին՝ անկախ նրանից, որ մեկին դուր եկան այդ արդյունքները, մեկին՝ ոչ: Արդյունքներն ընդունում են նաեւ այն քաղաքական ուժերը, որոնց չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ շեմը, սա լուրջ ձեռքբերում է: Քաղաքական ուժերին հաջողվեց ընտրական օրենսգրքի այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք, ըստ էության, բացառեցին տեղամասերում խախտումները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններից էր, որ հանրային գիտակցության մեջ ձեւավորվեց այն թեզը, որ քաղաքական ուժերը պետք է մրցեն իրենց նախընտրական ծրագրերով,ասաց նա: Խոսրով Հարությունյանն, անդրադառնալով ընտրակաշառքի բաժանմանը, ասաց.«Որ ասեմ ընդհանրապես որեւէ ազդեցություն չի թողել, դա, իհարկե, չափազանցված կլինի, բայց ակնհայտ է մի բան, որ շատ դեպքերում այդ գործիքն իրեն չարդարացրեց,պատահաբար չէր, որ եվրոպական դիտորդները հայտարարեցին այն մասին, որ թեեւ ընտրակաշառքի ակնհայտ փաստեր կային, բայց ընտրությունները համարվեցին ժողովրդի կամարտահայտության իրական դրսեւորում»:
