Նոր խորհրդարանում Եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովները չեն լինի
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խորհրդարանի աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ խորհրդարանն իր աշխատանքները կսկսի ապրիլի 27-ից, եթե Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում: Ինչպես ասաց՝ օպտիմալ է համարում 8-10 մշտական հանձնաժողով ունենալը և ամենայն հավանականությամբ կկրճատվեն Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: «Այս պահին ես կարող եմ երկու հանձնաժողովի մասին ասել, որոնք չեն լինի: Խոսքը Եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների մասին է: Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը իր լիազորություններով և գործունեությամբ չի տարբերվում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, իսկ մարդու իրավունքների հանձնաժողովը` պետաիրավական հարցերի հանձնաժողովից»,- ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը: Հրայր Թովմասյանը նշեց, որ նոր խորհրդարանի մշտական հանձնաժողովների քանակը սահմանվելու է ԱԺ առաջին նիստի ժամանակ, սակայն, ըստ Սահմանադրության, դրանք 12-ից ավելի չեն կարող լինել:
