Դավիթաշենում տեղի ունեցածը որակում եմ, որպես վանդալիզմ․ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ծառահատմանը
Դավթաշենում ավելի քան 20 հաստաբուն ծառից միայն կոճղեր են մնացել, վարչական շրջանի ղեկավարությունը հայտնել է, թե արարքի հեղինակը պատժվելու է օրենքի ամենայն խստությամբ։ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քիչ առաջ ավարտվեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ Երևանի քաղաքապետն անդրադարձավ հանգստյան օրերին Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքի առնչությամբ: «Դավիթաշենում տեղի ունեցածը որակում եմ, որպես վանդալիզմ։ Ծառերի հատումը ուղղակի անթույլատրելի է և երբեք չի արդարացվելու մեր կողմից։ Վերջիվերջո նման դեպքերում այլևս չպետք է սահմանափակվենք միայն վարչական տույժով. օրենքի շրջանակում ամենախիստ պատիժը պետք է սահմանվի այդ քաղաքացու նկատմամբ: Հանձնարարում եմ բնապահպանության վարչությունը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի ոստիկանության հետ համագորակցելով հայտնաբերել մեղավորներին և նյութերը փոխանցել դատախազություն»։
