«Լևոն Երանոսյանը Ջրառատում էր՝ կանխելու անցանկալի միջադեպերը». «Ազատություն»
Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը Ջրառատի երեկվա միջադեպի ժամանակ գյուղում չի եղել։ Այսօր այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ Լևոն Երանոսյանը երեկ Ջրառատ է գնացել միջադեպից հետո, երեկոյան՝ ոստիկանական համազգեստով։ «Ազատություն». – Պարոն Ահարոնյան, մեղադրանքներ են հնչում, որ Ջրառատում տեղի ունեցած արյունալի միջադեպում ներգրավված է նաև Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը։ Համացանցում կան կադրեր, որտեղ նաև նա է երևում։ Ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ էր անում փոխոստիկանապետն այնտեղ, և արդյո՞ք ծառայողական քննություն լինելու է Երանոսյանի նկատմամբ։ Ահարոնյան. – Նշեմ, որ երեկ համացանցում որոշ ուժերի կողմից, որոշ լրատվամիջոցների կողմից տեսանյութ հրապարակվեց և վերնագրվեց, որ դա վերաբերում է երեկվա՝ մարտի 14-ի միջադեպին։ Միանգամից ասեմ, որ այդ տեսանյութն արվել է ամսի 12-ին։ Պարոն Երանոսյանը ամսի 12-ին Ջրառատում կատարված դեպքերից հետո ժամանել է գյուղ, որպեսզի հետագա անցանկալի միջադեպերը կանխի։ Դեպքի ժամանակ պարոն Երանոսյանն այնտեղ չի եղել։ Այդ տեսագրությունը երեկ նկարված չէ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:
