Էրդողանը նրանց` «ֆաշիստներ», նրանք Էրդողանին` «խելագար»

Եվրոպան ընդդեմ Էրդողանի Կիրակի օրվանից գերլարվեցին Թուրքիայի և Նիդերլանդների հարաբերությունները: Անցյալ շաբաթ` Գերմանիա-Թուրքիա փոխադարձ մեղադրանքներ էին հնչում կապված Գերմանիայում Թուրքիայի իշխանությունների նախընտրական ելույթներն արգելելու հետ: Այնուհետև այս շղթան շարունակվեց... Եվրոպական մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում արգելել են թուրք քաղաքական գործիչների ելույթները, որոնք պետք է իրականացվեին երկրում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում: Էրդողանը ցանկանում է եվրոպաբնակ թուրքերի աջակցությամբ ապահովել ապրիլին Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի դրական ելքը: «Գերմանիան հասկացավ սխալը, հիմա էլ Նիդերլանդները սկսեցին: Հոլանդացի Ուայլդերսը նացիստի կերպ է գործում: Սպառնում է չընդունել Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռը: Սակայն այսօր գնալու եմ: Եթե Նիդերլանդներն այսօր իմ թռիչքի թույլտվությունը չեղյալ համարի, մենք շատ մեծ պատժամիջոցներ կկիրառենք», նշեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` հավելելով, որ անցել են այն ժամանակները, երբ Թուրքիան ոչինչ չէր ձեռնարկում իր դեմ արված քայլերի դիմաց: Հենց այս հայտարարության արդյունքում Նիդերլանդները արգելեցին Մևլյութ Չավուշօղլուի ինքնաթիռի վայրէջքը։ Ցամաքային տրանսպորտով Նիդերլանդներ հասել էր փորձել ընտանիքի հարցերով թուրք նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Կայան, սակայն Հոլանդիայի ՆԳՆ աշխատակիցները փակել էին նախարարի մեքենայի ճանապարհը, այնուհետև իշխանությունները նրան «անցանկալի օտարերկրացի» էին անվանել ու արտաքսել երկրից։ Միջոցառումը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց: Հոլանդիայի կառավարության հայտարարությունում նշվում է, որ նման որոշումն ընդունվել է՝ կապված հասարակական վտանգի հետ, որը կարող է կրել ԱԳ նախարարի այցը Ռոտերդամ։ Ավստրիան էլ իր հերթին չեղյալ է համարել թուրք քաղաքական գործիչների մասնակցությամբ 4 հանդիպում: Ավստրիական Լինց քաղաքի ոստիկանության խոսնակն ասել է, որ միջոցառման վայրի սեփականատերը չեղյալ է համարել միջոցառումը, որին մասնակցելու էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցական ընկերը: Հոերբրանց քաղաքում չեղյալ էր համարվել մեկ այլ միջոցառում, որին մասնակցելու էր Թուրքիայի նախկին նախարարը, քանի որ կազմակերպիչներն այն կեղծել էին` հայտարարելով, թե տեղի է ունենալու գրքի շնորհանդես: Մեկ այլ միջոցառում էլ չեղարկվել էր Հերցոգենբուրգ քաղաքում, որտեղի հյուրանոցի խոսնակը հայտնել է, որ չեղյալ է համարվել մարտի 12-ին նախատեսված հանդիպումը: Ավելի վաղ Ավստրիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ցանկանում է ընդունել օրենք, որն արգելելու է օտարերկրացի պաշտոնյաների ելույթներն իրենց երկրում, եթե դա կարող է սպառնալիք դառնալ մարդու իրավունքների կամ հասարակական կարգի համար: Օրենքը խորհրդարան դեռևս չի ներկայացվել: Էրդողանի զայրույթը. «Նրանք բոլորը նացիզմի մնացորդներ են» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կտրուկ քննադատել է Նիդերլանդների որոշումը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի ինքնաթիռը չընդունելու մասին, և հասկացնել տվել, որ Անկարան նման միջոցառմանը հայելային պատասխան կտա։ «Հոլանդիա՛, կտեսնենք, թե սրանից հետո ինչպես քո ինքնաթիռները կթռչեն Թուրքիա։ Եվ ես խոսում եմ դիվանագետների, այլ ոչ թե շարքային քաղաքացիների մասին։ Նրանց ուղևորություններն առանձին թեմա է»,-ասել է նա։ Էրդողանը նշել է, որ Հաագայում չգիտեն ո՛չ քաղաքականություն, ո՛չ էլ միջազգային դիվանագիտություն վարել։ «Նրանք բոլորը նացիզմի մնացորդներ են։ Թող Հոլանդիան իմանա, այնտեղ ապրող մեր քաղաքացիները կխափանեն ապրիլի 16-ի հետ կապված նրա պլանները։ Մեծացրե՛ք և սնե՛ք ահաբեկիչներին Ձեր երկրում։ Արդյունքում այդ ամենը կհարվածի Ձեզ», ասել է Թուրքիայի նախագահը։ Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռոտերդամում կայանալիք իր ելույթի մերժումը Նիդերլանդների կողմից «անպատասխան չի մնա»: «Մենք կարձագանքենք ինչպես հարկն է: Նիդերլանդների այդ ֆաշիստական քայլը արված է ոչ թե իմ՝ նախարար Չավուշօղլուի, այլ ամբողջ Թուրքիայի դեմ»: Չավուշօղլուի խոսքերով Նիդերլանդների կողմից իր ինքնաթիռի ընդունման մերժումը «անընդունելի է և՛ քաղաքականության, և՛ միջազգային իրավունքի տեսանկյուններից»: «Եվրոպայի որոշ երկրներ, այդ թվում նաև Նիդերլանդները, հիշեցնում են Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդող շրջանի պետություններին: Նույն ռասիզմը, քսենոֆոբիան, ագրեսիան»,- ասել է նա: Այնուհետև Չավուշօղլուն ֆրանսիական Մեց քաղաքում հանրահավաքում ելույթ ունենալիս Նիդերլանդներն անվանել է «ֆաշիզմի մայրաքաղաք»։ «Նիդերլանդներն այսպես կոչված ժողովրդավարության մայրաքաղաքն է, ես դա ասում եմ չակերտներով, որովհետև այն իրականում ֆաշիզմի մայրաքաղաքն է»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռոտերդամում տեղի ունեցածն անվանել է «դիվանագիտական մեծ սկանդալ» և խոստացել է «ծայրահեղ կոշտ» միջոցներ ձեռնարկել ի պատասխան Նիդերլանդների իշխանությունների գործողություններին: Էրդողանն էլ մի քանի օր է, ինչ չի հանդարտվում: Նա կրկին անդրադառնալով Նիդեռլանդների հետ հարաբերություններում առաջացած դիվանագիտական ճգնաժամին, նշել է, որ այդ երկիրն իրեն պահում է «բանանային հանրապետության» պես և պետք է պատժամիջոցների ենթարկվի թուրք նախարարներին Ռոտերդամում ելույթ ունենալու իրավունքից զրկելու համար: «Դիմում եմ Եվրոպայում և այլ երկրներում գործող միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Նիդեռլանդների նկատմամբ: Եվրոպան որևէ կերպ արձագանքե՞ց այս միջադեպին: Ո՛չ, իսկ ինչո՞ւ: Որովհետև նրանք մեկը մյուսին չեն կծում: Նիդեռլանդներն իրեն պահում է «բանանային հանրապետության» պես», ասել է Էրդողանը: Թուրքիան պետք է ներողություն խնդրի Թուրքական իշխանությունների հայտարարությունների բավական կոշտ է արձագանքել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, որը վրդովված է Էրդողանի խոսքերից` Հոլանդիայի կառավարությանը «ֆաշիստներ» անվանելու համար: «Ես հասկանում եմ՝ նրանք զայրացել են, բայց դա, անխոս, սահմաններից դուրս է», ասել է Ռյուտեն՝ Էրդողանի ասածը` «խելագարություն» անվանելով: Թուրքիան պետք է ներողություն խնդրի այն բանի համար, որ համեմատել է հոլանդացիներին նացիստների հետ, ասել է Ռյուտեն։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից արված սադրիչ հայտարարություններն անընդունելի են և չեն նպաստում երկու երկրների միջև կոնֆլիկտի դեէսկալացիային։ Ռյուտեն ընդգծել է, որ Նիդերլանդները չի ցանկանում առճակատում Անկարայի հետ, սակայն իշխանությունները կմտածեն պատասխանի մասին, եթե թուրք քաղաքական գործիչները չդադարեցնեն նման հայտարարությունները։ Վարչապետը վստահ է, որ լարվածության նվազեցումը բխում է երկու երկրների շահերից։ «Իհարկե, թուրքերը պետք է նպաստեն դրան, սակայն այն, ինչ նրանք հայտարարել են այսօր, չի նպաստում»,-նշել է նա՝ հավելելով, որ առաջին քայլերից մեկը պետք է դառնա Անկարայի ներողությունը նացիստների հետ հոլանդացիների համեմատության համար։ Հոլանդիայի վարչապետը հրաժարվել է ներողություն խնդրել Թուրքիայից: Իր հերթին Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը պահանջել է արգելել բոլոր թուրք նախարարների քարոզարշավը Եվրոպական միության տարածքում: Բախումներ Էրդողանի կողմնակիցների և ոստիկանության միջև Հարյուրավոր մարդիկ մարտի 11-ի երեկոյան Անկարայում Նիդերլանդների դեսպանատան դիմաց բողոքել են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի ինքնաթիռը չընդունելու Նիդերլանդների որոշման դեմ: Ակցիայի որոշ մասնակիցներ ձվեր են նետել դիվանագիտական առաքելության շենքի վրա: Իսկ Ռոտերդամում լույս կիրակի գիշերը ոստիկանության հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների բախումների ժամանակ առնվազն 12 մարդ է ձերբակալվել: Բոլորը ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու կամ ոստիկանության հրահանգները կատարել հրաժարվելու համար: 6 ցուցարար և 1 իրավապահ վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ ջրցան մեքենաներ է կիրառել: Դանիան հետաձգել է Թուրքիայի վարչապետի այցը՝ ի նշան Նիդերլանդների հետ համերաշխության: Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսսենը հետաձգել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Կոպենհագեն՝ Թուրքիայի և Նիդերլանդների միջև կոնֆլիկտի պատճառով։ «Հաշվի առնելով Թուրքիայի հարձակումները Նիդերլանդների վրա՝ (ծրագրվող) հանդիպումը չի կարող դիտարկվել դրանից առանձին։ Այսպիսով՝ ես հայտնել եմ թուրք գործընկերոջս, որ հանդիպումը կհետաձգվի»։ Իսկ Նիդերլանդների ԱԳՆ-ն բողոք է հղել Թուրքիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ նրանք պատասխանատվություն են կրում Թուրքիայում հոլանդացի դիվանագետների անվտանգության համար։ Նշենք, որ ցուցարարները պոկել էին Ստամբուլում Հոլանդիայի հյուպատոսության վրայի դրոշն ու փոխարինել այն թուրքական դրոշով։ Ցուցարարները հավաքվել էին հյուպատոսության մոտ՝ բողոքելով արտգործնախարար Չավուշօղլուի մուտքն այդ երկիր արգելելու իշխանությունների որոշման դեմ։ Ալիևը միացել է Էրդողանին Անկարային օգնության է հասել Ադրբեջանը: Նրանք էլ առիթը բաց չեն թողել Եվրոպային քննադատել` աջակցելով «եղբայրական» Թուրքիային: Թուրքիայի հանդեպ Նիդերլանդների գործողությունները դուրս են գալիս դիվանագիտական էթիկայի սահմաններից՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։ Որոշ եվրոպական ինստիտուտներ, մասնավորապես Եվրախորհրդարանի մի շարք շրջանակներ, ինչպես նաև Նիդերլանդները, սովորություն են դարձրել ցանկացած դեպքում այլ պետություններին անհիմն քննադատելը, «դաստիարակություն» իրականացնելը և այլոց հավակնություններ ներկայացնելը՝ ասել է Հաջիևը։ Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն իր հիմնարար սկզբունքներ համարող Նիդերլանդների կառավարության գործողությունները թուրք պաշտոնատար անձանց նկատմամբ, այդ երկրում բնակվող թուրքական համայնքի ներկայացուցիչներին ազատ հավաքվել թույլ չտալը և նրանց դեմ ուժ կիրառելը, կրում են կանխակալ և հակասական բնույթ՝ նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Այդ գործողությունները նաև հանդիսանում են դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում, ինչպես նաև այնպիսի հիմնարար սկզբունքների խախտում, ինչպիսիք են մարդու իրավունքները, հավաքների ու խոսքի ազատությունը՝ ասել է Հաջիևը։ Նա նշել է, որ այդ ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս ներկայում Եվրոպայում տարածվող իսլամաֆոբիայի, քսենոֆոբիայի և ռասիզմի այլ բացասական դրսևորումների վերացման անհրաժեշտությունը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am