Միջադեպի հետքերով. Փաշինյանը մանրամասնում է. տեսանյութ
Այսօր «Ելք» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նոր Նորքում տեղի է ունեցել միջադեպ։ Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը. 1. Այսօրվա միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Աբովյանում, այլ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցում: 2. Միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ մենք դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն էինք իրականացնում հարակից շենքերի ուղղությամբ եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասում էին, որ այստեղ քարոզչություն անել չի կարելի: 3. Մենք մոտեցանք դպրոցի մուտքին եւ արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել եւ արձանագրել: Մնացածը տեսանյութում արձանագրված է»:
