Տուժածների քավորը՝ կրակոցներով ուղեկցված միջադեպի մասին
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի դեպքի՝ կրակոցների և դանակահարության մասին լսելուց հետո Էրեբունի բժշկական կենտրոն է այցելել Մելքոնյանների քավորը՝ Ռազմիկ Մելքոնյանը: «Ո՞վ է կրակել, ո՞վ է դանակահարել, այս մասին ոչինչ չի կարող ասել: Արայիկ Մելքոնյանը Մելիք Մելքոնյանի որդին է, իսկ Հակոբ Մելքոնյանը` եղբորորդին»,- տեղեկացրեց Ռազմիկ Մելքոնյանը: Մելքոնյանների հարազատը վստահեցրեց՝ իր բարեկամները գյուղում Երանոսյան ընտանիքի անդամների հետ որևէ խնդիր չեն ունեցել, ավելին՝ Ոստիկանության զորքերի հրամանտար Լևոն Երանոսյանն իր դասընկեր է եղել: «Միջադեպը եղել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մարզային հանդիպումից հետո, որը որ հարիր չէ, պետք չէր, որ այսօր նման բան լիներ: Ամեն բան կճշտվի, կհասկանանք, երիտասարդներ են եղել, մի քիչ տաքարյուն են, ամեն ինչ կհարթվի, կանցնի»,- հույս հայտնեց տուժած Մելքոնյանների ազգականը: Մելքոնյանների քավոր Ռազմիկ Մելքոնյանը հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը, թե ամեն ինչ լավ է լինելու: Նա հուսով է, որ այս միջադեպի հետ կապված էլ հետագայում ամեն բան լավ կլինի: Հիշեցնենք, որ հերթական կրակոցներն են հնչել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում: Տուժածների վիճակը կայուն ծանր է: Նյութի աղբյուրը ` Newsbook.am
