Նոր պայմաններ՝ արտասահմանում բուժվող զինծառայողների համար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 09.03.2017թ. հերթական նիստում հավանության է արժանացել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախագծով առաջարկվում է, որ բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման` զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապ ունեցող անձին. -կենսաթոշակ նշանակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գործող ընդհանուր կարգի համաձայն` կենսաթոշակ նշանակվում է, երբ դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքացին ներկայացնում է անձամբ: Նախագիծն ընդունվելու դեպքում կնախատեսվի երրորդ անձի միջոցով դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն, -կենսաթոշակ վճարելը վերսկսվում է լիազորագրով: Ըստ գործող ընդհանուր կարգի` կենսաթոշակ վճարելը լիազորագրով վերսկսվում է միայն, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում, -կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գործող ընդհանուր կարգի համաձայն` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքացին ներկայացնում է անձամբ:
