Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը բավարար չէ. Վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց համայնքների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ: «Բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյուանվետ», - ասաց վարչապետը: Նա նշեց, որ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը տեղեկացրել է՝ համայնքներում դեռևս չի կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընեկերին ընտրելու մրցակցային գործելաոճը: «Այս և այլ խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունները, և դրանք պետք է առաջարկեն էապես նոր մոտեցումներ: Այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների, համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միջազգային և տեղական փորձագիտական խմբերի հետ և անհրաժեշտության դեպքում լրամշակել համապատասխան նյութերը և տրամադրել համայքներին, միաժամանակ նախարարության և մարզպետարանների միջոցով խստորեն վերահսկելով դրանց՝ գործնականում իրացումը»,- ասաց գործադիրի ղեկավարը:
