«Չեմ սիրում այդ միամսյակ կոչվածը, ոչ մի խտրականություն չեմ ցանկանում». Անահիտ Բախշյան
Մարտի 8-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը անցկացրեց Շենգավիթ վարչական շրջանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանը նախ կոչ արեց հանրությանը զերծ մնալ ընտրակաշառքից: «Ընտրեք այն ուժին, որը կաշառք չի բաժանում։ Այդ ուժից դու կարող ես վաղը պահանջել, իսկ այն ուժից, որը կաշառքով է քո ձայնը առնում, վերջ, դու նրանից ոչինչ չես կարող պահանջել։ Ես հավատում եմ, որ ՀՀ քաղաքացիները կաշառքին ասելու են՝ ոչ»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը։ Այնուհետև լրագրողների հետ զրույցում շնորհավորեց կանանց տոնի կապակցությամբ: «Ես երբեք չեմ ցանկանում առանձնացնել՝ կանանց իրավունքներ, տղամարդկանց իրավունքներ: Ես չեմ ցանկանում, որ լինի կանանց իրավունքները պաշտպանող մեկ օր կամ միամսյակ: Չեմ սիրում այդ միամսյակ կոչվածը: Տարին 12 ամիս ցանկացած կին կարիք ունի ուշադրության և հոգատարության, նույնպես և տղամարդը, ոչ մի խտրականություն չեմ ցանկանում տեսնել մարդու իրավունքի տեսակետից»,- ասաց նա:
