Մեր խնդիրը հուսահատության պատնեշը ճեղքելն է և ասելն է, որ ելք կա. Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ցուցակի երրորդ համար Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, թե իրենց խնդիրը հուսահատության պատնեշը ճեղքելն է. «Մենք գնում ենք թաղ-թաղ, փողոցից փողոց և մարդկանց, քաղաքացիներին ասում ենք, որ առաջիկա ընտրություններում մեր ամենամեծ հակառակորդը, մրցակիցը և նույնիսկ թշնամին հուսահաատությունն է, և այս ընտրություններում մեր ձևակերպված մեծագույն խնդիրը հուսահատության այդ պատնեշը ճեղքելն է և ասելն է, որ ելք կա»: Ըստ նրա՝ կան քննադատություններ, թե իրենք փաստերով չեն քննադատում իշխանություններին: «Ես ուզում եմ ասել՝ այնքան, ինչքան մենք ենք քննադատել իշխանություններին, մնացած քաղաքական ուժերը դեռ 3 տարի, օրը 24 ժամ, շաբաթ և կիրակի օրերին պետք է քննադատեն, հասցեական խոսեն, որ մեզ հասնեն, մյուս կողմից՝ ինտրիգը հասունացած է, և ես այսօր ուզում եմ անդրադառնալ Հանրապետական կուսակցության կարգախոսին՝ անվտանգություն և առաջընթաց։ Անվտանգությունը պատկերացված է զինվորական հագուստ հագած Սերժ Սարգսյանի տեսքով, և նրա այդ կերպարի ուղերձը՝ որ ինքը հանրությանը, Հայաստանին անվտանգություն ապահովող է։ Սա չափազանց ձախողված ուղերձ է»,-ասաց նա:
