Անհրաժեշտ է իրականցնել այն խաղի կանոններով, որոնք ժողովուրդն է ընդունել. Արտակ Զեյնալյան
«Ելք» դաշինքի հանրահավաքի ժամանակ Արտակ Զեյնալյանը բեմ բարձրանալով նախ շնորհավորեց կանանց՝ բարեմաղթանքներ հղելով, այնուհետև նշեց իրենց անելիքները: Առաջնայինը նա շեշտեց դատարանների անկախությանը: Ըստ նրա՝ կան քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք ասում են, թե իշխանության գալով՝ դատարաններին հանձնարարելու են արդարադատություն իրականացնել, լավ վճիռներ կայացնել, իսկ իրենք նպատակ են դրել, որ դատարանը չենթարկվի ոչ օրենսդիր, ոչ գործադիր իշխանության հրահանգներին, այլ արդարադատություն իրականացնի ժողովրդի անունից, ժողովրդի կամքով՝ այն խաղի կանոններով, որոնք ժողովուրդն է ընդունել Սահմանադրությամբ։ Արտակ Զեյնալյանն ասաց, որ գիտեն՝ ինչպես անել, որ դատական համակարգն անկախ լինի. «Մենք ապահովելու ենք, որպեսզի երկրում գործի օրենքի իշխանությունը, իրավունքի իշխանությունը, պետական մարմինները, պաշտոնատար անձինք կատարեն միայն այն, ինչի համար իրենց լիազորել է այն Ազգային ժողովը, որին մենք ընտրելու ենք ապրիլի 2-ին»:
