Հակառուսական տրամադրությունները հրահրում է հենց Ռուսաստանը. Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց,որ վերլուծաբաններ Դմիտրի Կիսելյովի և Վլադիմիր Սոլովյովի այցը Հայաստան պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանը նկատում է Հայաստանում իր ազդեցության թուլացում և փորձում է քավության նոխազներ գտնել, մեղադրել օտարերկրյա գործակալներին, անհատներին: «Եթե կան հակառուսական տրամադրություններ, ապա դա հրահրում է հենց Ռուսաստանը՝ իր քայլերով և գործողություններով: Առաջին հերթին՝ երկիր, որը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, երկրորդ, որ տնտեսական առումով պարզապես կեղեքում է Հայաստանը: Ռուսաստանը սահմանի վրա իր իսկ դուստր կազմակերպությանը վաճառում է գազ, որը կրկնակի ավել գնով վաճառվում է ՀՀ բնակիչներին»,- ասաց նա: Ռուս լրագրողների այցը կապ ուներ Նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել այցի և Սերժ Սարգսյանի՝ ԵՄ- ի հետ հարաբերությունների զարգացման հայտարարության հետ հարցին, քաղաքագետը պատասխանեց. «Այս այցը պայմանավորված է նաև նրանով, որ իրենք ուզում են ցույց տալ, որ Արևմուտքի օգնությունը ձեզ համար չէ, և ինչ-որ տեղ էլ սպառնալիքներ են հնչեցնում»:
