«Սասնա ծռերից» Թաթուլ Թամրազյանի բողոքը մերժվեց
«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը եւ նրա պաշտպանը բողոքարկում են քննիչի անգործությունը՝ քրեական գործ չհարուցելու համար: Նշենք,որ նա հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է եւ մինչեւ օգոստոսի 6-ը առանց կարգավիճակի գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Հարազատներին եւ փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել նրան, հեռախոսազրույց ունենալ: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Թաթուլ Թամրազյանի պաշտպանի բողոքը: Պաշտպան Մոնիկա Մարգարյանը, այսօրվա դատական նիստը միջնորդել է հետաձգել, մինչեւ հանդիպի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Թաթուլ Թամրազյանին: Վերջինս հրաժարվել է ներկա լինել դատական նիստերին, իսկ պաշտպանը արդեն մեկ ամիս է չի կարողանում խուզարկությունների պատճառով տեսակցել նրան: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը մերժել է միջնորդությունը, այնուհետեւ դատավորին պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը, այնուհետեւ մերժել է նաեւ բողոքը: Պաշտպանական կողմը որոշումը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարան:
