Ֆուտբոլի երկրպագուները ՀՀԿ-ից պահանջում են հոլովակից հանել իրենց մասնակցությամբ կարդրերը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան ակումբներից մեկը՝ «Առաջին հայկական ճակատը» (ՖԱՖ), հանդես է եկել հայտարարությամբ: Նրանք նշում են, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն առանց իրենց իմացության խորհրդարանական քարոզարշավի հոլովակներից մեկում տեղադրել է իրենց մասնակցությամբ կադրեր: Երկրպագուները պահանջում են հեռացնել այդ կադրերը:
«Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավի հոլովակներից մեկում առանց ՖԱՖ-ի իմացության եւ համաձայնության տեղադրված է կարճ հատված ՖԱՖ-ի սեկցիայից` ՖԱՖ-ականների մասնակցությամբ: Արդեն առաջին նմանատիպ դեպքը չէ, որ վերոնշյալ կուսակցությունը ՖԱՖ-ի մասնակցությամբ կադրեր է տեղադրում քարոզչական հոլովակների մեջ: Դատապարտում եւ պահանջում ենք՝ մեր մասնակցությամբ կադրերի հատվածը հանվի եւ այլեւս չօգտագործվի նմանատիպ հոլովակներում:
Բազմիցս հայտարարել ենք՝ ՖԱՖ-ը ապաքաղաքական կառույց է եւ չի հարում որեւէ քաղաքական ուժի: Հաճախելով մարզադաշտ շարժման անդամների մասնակցությամբ կադրեր չպետք է հայտնվեն ինչ-որ ուժերի քարոզչական հոլովակներում:
Հարգանքներով` ՖԱՖ ղեկավար մարմին»,- գրված է ակումբի ֆեյսբուքի պաշտոնական էջում:
