«Քեթրին» ՀԿ-ն բացահայտում է Միհրան Պողոսյանի սուտը
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը «Ռեվոլուցիա» հաղորդման շրջանակներում հայտնել է, որ 2007 թվականից կապ չունի ցիտրուսային մրգեր Հայաստան ներկրող «Քեթրին» ընկերության հետ: ««Քեթրին» գրուպը ժամանակին հիմնել է Միհրան Պողոսյանը, 2007 թվականից առ այսօր ես ընկերության հետ առնչություն չունեմ»,- հայտնել է Պողոսյանը: Նախկին գլխավոր հարկադիր կատարողն այսօր պատգամավորի թեկնածու է: Եվ նրա թեկնածության համար ակտիվ քարոզչություն է իրականացնում հենց այն ընկերությունը, որի հետ կապը բացառում է թեկնածուն: «Քեթրին» ընկերության հետ սերտ առնչություն ունեցող «Քեթրին» հասարակական կազմակերպությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում ակտիվ տարածում է Պողոսյանի նախընտրական հանդիպումները: Հրապարակել է լուսանկար, որտեղ Պողոսյանի նկարի վերևի հատվածում կազմակերպության տարբերանշանն է: Եվ, իհարկե, Միհրան Պողոսյանը ոչ մի կապ չունի տեղի ունեցածի հետ:
Հասարակական կազմակերպություն է, մտքներով անցել է աջակցել նրան: Էլ ով, եթե ոչ Միհրան Պողոսյանը: Հայաստանի խալխուլ իրավական համակարգը նրան հռչակել է անբասիր վարքի տեր գործիչ և այլևս ոչ մի պատճառ չկա նրան մեղադրելու օֆշորների, մենաշնորհների, պետական միջոցները վատնելու մեջ:
Newsbook.am-ի նկատառումը
