ՀՀԿ-ն կանանց տոնի օրը «տեռորի» կենթարկի ուսուցչուհիներին
Քիչ առաջ մեր խմբագրություն ահազանգ ստացանք Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի դպրոցներից մեկի մի խումբ ուսուցիչներից, որոնք հասկանալի կերպով չներկայացան, ոչ էլ հայտնեցին, թե որ դպրոցի կոլեկտիվն են ներկայացնում։ Մեզ փոխանցեցին միայն, որ դպրոցի տնօրենը հրահանգ է ստացել վաղը 9.30-ին առնվազն 40 ուսուցիչների ուղարկել քաղաքի մշակույթի տուն, որտեղ նախատեսվում է հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նշենք, որ վաղը՝ մարտի 8-ին ՀՀԿ-ն տալու է մարզային քարոզարշավի մեկնարկը եւ վարչապետի գլխավորությամբ խումբ է մեկնելու Արմավիր։ Տնօրենին հայտնել են, որ նման հրահանգ են ստացել նաեւ այլ դպրոցների ղեկավարները։ Կոլեկտիվին պարտադրել են նաեւ նույն օրը երեկոյան հինգին էլ ներկայանալ Արմավիր քաղաքի հրապարակ, որտեղ կայանալու է եզրափակիչ հանդիպումը։ Մեզ զանգահարած ուսուցիչները վիրավորված էին, ասում էին, որ կանանց տոնի առիթով իրենց նման վերաբերմունքի են արժանացնում: «Այդ օրը տանն ենք, աշխատանքային չէ, այո, բայց չէ որ մենք էլ անձնական կյանք ունենք, միգուցե երեկոյան ուզում ենք սիրելիի հետ տոնել»,- ասում էր ուսուցչուհիներից մեկը։
