Այն, ինչ առաջարկում է Ալիևը, ուղղակի ծիծաղելի է
Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այն, ինչ առաջարկում է Ալիևը, ուղղակի ծիծաղելի է:«Ադրբեջանն իր պահվածքի պատճառով անբանակցելի կողմ է դարձել, ծիծաղելի է նրա զիջումը` կարգավիճակի հետ կապված, երբ առաջարկում է ինքնավարության բարձր աստիճան Արցախի համար: Ըստ էության, Ադրբեջանը ոչ մի զիջում պատրաստ չի անել: Եթե խաղաղության հեշտ ձև ենք ուզում, դա հանձնվելն է, դե եկեք հանձնվենք, տանք Ադրբեջանի ուզածը, որ բավարարենք նրա քմահաճույքները»,- ասաց նա: Այնուհետև տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և խաղաղության հասնելու այն տարբերակին, որն առաջ է քաշում ՀԱԿ-ը, իսկ լուծում կարող է լինել բանակցությունների միջոցով, եթե Ադրբեջանն ընդունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
