Կարեն Կարապետյանը չլսեց Աղվան Հովսեփյանին
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանը ներկայացրել էր նախագիծ, ըստ որի՝ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում:Դատախազության հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Կառավարության այսօրվա նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ դեմ է այս նախագծին: «Հայաստանում կա չորս քննական մարմին, որոնցից ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել: Կոմիտեի նիստի նյութերն էլ չենք ստացել: Այս նախագիծը բովանդակային առումով հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այն կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ՝ կառավարության որոշմամբ», - նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահը: Սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը օրակարգից չհանեց հարցը: «Կտրվի երեք օր ժամանակ՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար», - ասաց նա:
