«Ամոթ է, երբ 5-6 հարյուր ձայնի համար կռիվ եք անում». Սերժ Սարգսյանը նախատել է
Շաբաթ օրը Հանրապետական կուսակցությունում ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բավական խիստ ելույթ է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձավ հանդիպումից. նա հատկապես գործարար ՀՀԿ-ականներին կարգադրել է վերջ տալ աշխատակիցների գրանցման վայրը ժամանակավորապես փոխելու գործընթացին: Ս. Սարգսյանն ասել է, թե ամոթ է, երբ 5-6 հարյուր ձայնի համար նման կռիվ են անում՝ միաժամանակ ստվերելով ընտրությունների գործընթացը: «Էդ ձայնը պիտի ձեր կուսակցական ընկերոջը տաք, որ հիմա իրար կողքի նստած եք, ոչ թե գրանցումներ անեք: Մենք պետք է անբիծ ընտրություններ անցկացնենք, այլ տարբերակ չունենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն իսկ ուժային կառույցներին հրահանգվել է՝ բացի հանձնաժողովի անդամներից ու վստահված անձանցից, որեւէ մեկի հասցեն չփոխել եւ հնարավորություն չտալ գրանցման հասցեից դուրս քվեարկության մասնակցել:
