Կարեն Կարապետյանը վաղուց է զգուշացրել
Երեկ տեղեկացրել ենք,որ Լոռու մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Կարեն Կարապետյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ՀՀԿ-ական լինելն իրեն ավելի շատ կխանգարի առաջիկա ընտրություններում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանրության շրջանում լուրջ դժգոհություններ կան ՀՀԿ-ից: Կարեն Կարապետյանը դժգոհություն էր հայտնել ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ: Նա ասել էր, թե ինքը դեմ է եղել այդ ընտրակարգին եւ կարծում է, որ նման ընտրակարգը, ցուցակները ժողովրդի մեջ էլ են թշնամանք առաջացնում: Մեզ հայտնի է դարձել,որ նման զգուշացում Կարեն Կարապետյանը դեռ մեկ տարի առաջ է արել Սերժ Սարգսյանին,ասելով որ ռեյտինգայինը իրար դեմ կհանի կուսակիցներին: hayeli.am-ը դեռ օրեր առաջ էլ գրել էր նման հեռանկարի, ՀՀԿ-ի ներսում հնարավոր բախման մասին, այն ժամանակ դեռ «առվակները» չէին կարկաչում, մայր գետերն էլ չէին սպառնում, երբ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը զգուշացրել է Սերժ Սարգսյանին, որ վտանգավոր սխեմա է գծվել, ռեյտինգային ընտրակարգը տանելու է նրան, որ ՀՀԿ-ականներն իրար դեմ են դուրս գալու։
