Ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ SPIKE հակատանկային կառավարվող հրթիռ է կիրառել
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ SPIKE տիպի հրթիռ է կիրառել։ «Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին և թշնամին չեզոք գոտում թողնելով 5 դիակ, հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից: Սակայն այսօր՝ ժամը 15:40-ին, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման արդյունքում՝ ՊԲ-ն կորուստներ չի կրել:
