Ձեզ թվում է` ես պետք է ամբողջ օրը նստած տեսնեմ, թե որտեղ է ծեծկռտո՞ւք. Գալուստ Սահակյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով ՀՀԿ թեկնածու Բազմասեր Առաքելյանի կողմից ՀՅԴ աջակիցներին ծեծելու դեպքի մասին հարցին, ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ դեպքից: «Ամեն մեկդ մի բան է ասում, հիմա ձեզ թվում է` ես պետք է ամբողջ օրը նստած տեսնեմ, թե որտեղ է ծեծկռտո՞ւք: Միգուցե միջադեպ եղել է, բայց ինչ աստիճան, դուք եք ասում, ես ծանոթ չեմ»,- նշեց նա: ԱԺ նախագահը, խոսելով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում իր զբաղեցրած տեղի մասին, ասաց, թե իր տեղն այնպիսին է, որ մշտական կա. «Եթե անգամ ես ցուցակում էլ չլինեմ, իմ տեղն այնպիսին է, որ մշտապես կա, այնպես որ ես ոչ թե սովորական քաղաքական գործիչ եմ, այլ հիմնադիրն եմ, կուսակցության մեջ այդպես էլ ընդունվում է: Էնպես չէ, որ խնդիրը հետևյալն է, որ ես անպայման պետք է պատգամավոր դառնամ, խնդիրը հետևյալն է, այնպես մնամ, ինչպես եկել եմ և կարողանամ մինչև վերջ փորձեմ անել այն աշխատանքը, որ դրված է ինձ վրա, մինչև վերջ տանեմ»:
