Գյումրիում հարցրեք, թե ո՞վ էր բարձրացել ընտրակաշառքի գինը․ Խոսրով Հարությունյան
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում բարձրացրեց ընտրակաշառք բաժանելու հարցը:Նա մեղադրեց կառավարող քաղաքական ուժին ընտրակաշառքներ բաժանելու մեջ, քվեարկության նպատակով մարդկանց վերագրանցում անելու մեջ: «Ընտրակաշառքների հետ կապված վեցանիշ թվերի մասին է խոսվում: Ինչքան ուզում եք բաժանեք, միևնույն է, չեն ընտրելու»,- ասաց պատգամավորը: Աժ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց` ասելով, որ անբիծ ընտրությունները բոլորից են կախված, ոչ միայն իշխող քաղաքական ուժից: «Եթե մտածում եք մի օրենք կազմել, որ այդ ընտրակաշառքների դեմն առնեք, խնդրեմ, ներկայացրեք նման օրենքի նախագիծ»,- ասաց Գալուստ Սահակյանը: «Ինձ ավելի շատ զարմացնում է, որ նստած քաղաքական ուժերն ընտրակաշառքի մասին խոսում են այսպես` կուսական կեցվածքով: Գնացեք Գյումրիում հարցրեք, թե ո՞վ էր ընտրակաշառք բաժանում, և ո՞վ էր բարձրացել ընտրակաշառքի գինը: Բոլորն` առանց բացառությամբ, այդ արատն օգտագործում են, եկեք խոսենք դրա մասին, ոչ թե ընտրակաշառքը վերագրեք միայն իշխող քաղաքական ուժին»,- ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
