«Արդյոք դա հերոսին վայել արա՞րք է». Իսագուլյանը՝ Սամվել Բաբայանին
Այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարություններին:Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ինքն ակնկալում է, որ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հերքումով հանդես կգա: «Շատ լավ իմանալով նրան եւ նրա անցած ճանապարհը՝ հարց եմ տալիս՝ արդյոք դա հերոսին վայել արարք է: Չգիտեմ՝ ում ջրաղացին է ուզում ջուր լցնել իր այդ հարցազրույցներով: Ինչպե՞ս կարելի է ասել արտահայտություններ, որոնք կարող է օգտագործել Ադրբեջանը, ասել, որ հանրաքվեն կեղծ է եւ նկարչություն: Նորից կրկնեմ, որ միջազգային դիտորդները շատ բարձր գնահատական են տվել և միակ վայնասուն բարձրացնողը Ադրբեջանն է: Սամվել Բաբայանը խնդիր ուներ Արցախի Հանրապետությունում անցկացվող հանրաքվեի հետ կապված, ապա որևէ մեկը դեմ չէր, որ նա գար Արցախ և որպես ընդդիմադիր հանդես գար՝ իր քարոզչությունը աներ»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը:
